Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Արդյո՞ք դատական իշխանությունը անկախացել է մանկության ընկերների կապերից, փողի ստվերային գործարքներից»․Կոնջորյանը՝ ԲԴԽ նախագահին

«Արդյո՞ք դատական իշխանությունը անկախացել է մանկության ընկերների կապերից, փողի ստվերային գործարքներից»․Կոնջորյանը՝ ԲԴԽ նախագահին
Հայաստան
12:56, 03 март 2021
Այսօր Ազգային Ժողովի հերթանական նիստի ժամանակ «Իմ քայլը»  խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը  հարց ուղղեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանին՝ նկատի ունենալով նոյեմբերի 15-ի հայտնի ուղերձը․

«Ի՞նչ եք կարծում, որպես ԲԴԽ նախագահ, Ձեր այդ հայտարարությամբ նպաստե՞լ եք, որ դատական իշխանության հեղինակությունը ավելի բարձրանա, թե՞ հակառակը՝ նպաստել եք, որ հեղինակությունն ու վստահելիությունը ՀՀ քաղաքացիների մոտ ավելի նվազի»։

ԲԴԽ նախագահը վստահեցրեց, որ վերջին երկու տարվա ընթացքում այս իշխանության օրոք դատական համակարգն իրապես անկախացել է․ «Փոխանակ այդ դրական արդյունքները գովելի համարեք, վերցնում եք մեկ-երկու մինչդատական վարույթի գործ ու կարծիք հայտնում ամբողջ դատական համակարգի վերաբերյալ»,- ասաց Վարդազարյանը:

Կոնջորյանը արձագանքելով նշեց, որ դատական իշխանությունը անկախ է քաղաքական մեծամասնությունից և կառավորող ուժից, բայց արդյո՞ք այն անկախ է բոլոր այլ ստվերային ուժերից և շրջանակներից․ «Արդյո՞ք դատական իշխանությունը անկախացել է մանկության ընկերների կապերից, փողի ստվերային գործարքների կապերից»։

ԲԴԽ նախագահը վստահեցրեց` որևէ քաղաքական ուժ չի կարող ազդել դատավորների կողմից որոշում կայացնելու գործընթացի վրա և նման փորձերը կանխվում են սկզբնական փուլում:

«Միակ ճնշումը ես համարում եմ հանրային ճնշումը, որը, ըստ իս՝ և՛ գովելի է, և՛ խնդիրներ ունի, քանի որ հանրային արդադատությունը, ժողովրդի լոզունգները չեն կարող նպաստել արդարադատության իրականացմանը: Չկա՛ որևէ անձ, որը դատավորին կարող է հանձնարարություն տալ»,- ասաց նա:

Սյուզի Սիրականյան