Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նյու Յորքում վերահաստատել եմ ՀՀ պատրաստակամությունը՝ վերսկսելու ԼՂ խաղաղ կարգավորման լիարժեք գործընթացը. Արարատ Միրզոյան․ Տեսանյութ

«Չեխիայի ԱԳ նախարարի այցը Հայաստան պատեհ առիթ է ուրվագծելու հայ-չեխական հարաբերություններին նոր լիցք հաղորդելու վերաբերյալ մեր հետագա քայլերը, ինչպես նաև վերագնահատելու քաղաքական, տնտեսական ոլորտներում առկա ներուժը»,- իր ելույթում ընդգծեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Միրզոյանը նշեց, որ Չեխիայի նախարարի հետ փոխադարձ պատրաստակամություն են հայտնել գործնական քայլեր ձեռնարկել՝ լիարժեքորեն օգտագործելու համար առևտրատնտեսական ոլորտում առկա ներուժը. «Համագործակցության հնարավորություն ենք տեսնում բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների, վերականգնվող էներգետիկայի, ջրային ռեսուրսների կառավարման, գյուղանտեսության, առողջապահության, զբոսաշրջության ոլորտներում»:

Արարատ Միրզոյանը ընդգծեց, որ այժմ Հայաստանում է գտնվում նաև գործարար պատվիրակություն Չեխիայից:

«Մենք պատրաստ ենք ջանքեր գործադրելու Արևելյան գործընկերության ձևաչափի զարգացման և ամրապնդման ուղղությամբ»,- ասաց ՀՀ ԱԳ նախարարը և հավելեց, որ իրենք զրույցի ընթացքում անդրադարձել են նաև ԼՂ հակամարտության և այդ հակամարտությանն առնչվող հարցերի վրա:

«Հայաստանը բարձր է գնահատում հակամարտության կարգավորման հարցում Չեխիայի դիրքորոշումը, որը համահունչ է ԵՄ դիրքորոշմանը, այն է՝ աջակցություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանագահության ձևաչափով խաղաղ բանակցությունների շարունակությանը և հակամարտության երկարատև կայուն լուծման փնտրտուքին»:

Անդրադառնալով Նյու Յորքում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հանդիպումներին, ինչպես նաև սեպտեմբերի 24-ին համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը՝ Արարատ Միրզոյանը նկատեց, որ այդ հանդիպումները ևս մեկ անգամ գալիս են փաստելու, որ հակամարտության խաղաղ կարգավորումը մնում է օրակարգում. «Նյու Յորքում վերահաստատել եմ ՀՀ պատրաստակամությունը՝ վերսկսելու Ղարաբաղյան խաղաղ կարգավորման լիարժեք գործընթացը ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափում՝ հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա: Անդրադարձել ենք հակամարտությանն առնչվող և իրենց լուծմանը սպասող հումանիտար տարբեր հարցերի, Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների և պատանդառված քաղաքացիական անձանց խնդիրներին, կարևորել նրանց անհապաղ ազատ արձակումը»: