Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանը բավարար փաստեր ունի Արդարադատության միջազգային դատարան ներկայացնելու համար. խախտումների արձանագրումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ Ադրբեջանի համար

Հայաստանը բավարար փաստեր ունի Արդարադատության միջազգային դատարան ներկայացնելու համար. խախտումների արձանագրումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ Ադրբեջանի համար
Հայաստան
18:22, 01 октябрь 2021
«ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան ներկայացված հայցադիմումում ներկայացված են ոչ միայն 44-օրյա պատերազմի ժամանակ արձանագրված, այլև վերջին երեք տասնամյակի ընթացքում Ադրբեջանի վարած հայատյաց քաղաքականությանը վերաբերող փաստերը։ Դա ներառում է ժամանակահատված՝ սկսած այն պահից, երբ կոնվենցիան պարտադիր է դարձել Հայաստանի և Ադրբեջանի համար։ Այսինքն՝ սկսած 1991 և 1996 թվականներից»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց միջազգային իրավունքի մասնագետ Լևոն Գևորգյանը, ով ընդգրկված է նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանը ներկայացնող փաստաբանների թվում։  

Հիշեցնենք՝ երեկ հայտնի դարձավ, որ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը հոկտեմբերի 14-19-ը նիստեր է նշանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև դատավարությունների շրջանակներում՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտման վերաբերյալ երկու երկրների հակընդդեմ հայցերով։ Այս մասին հինգշաբթի օրը հայտնել է Հաագայի դատարանի մամուլի ծառայությունը:

Ինչպես նշվում է հաղորդագրությունում, «հոկտեմբերի 14-15-ի լսումները վերաբերելու են Հայաստանի ներկայացրած՝ նախնական միջոցների կիրառման պահանջին»: Հոկտեմբերի 18-19-ը կայանալիք լսումները վերաբերելու են Ադրբեջանի ներկայացրած նմանատիպ պահանջին:

«Համաճարակի կապակցությամբ հանդիպումները կանցկացվեն հիբրիդային ձևաչափով»,- նշել է դատարանը՝ մանրամասնելով. «Որոշ դատավորներ անձամբ կմասնակցեն նիստերին, իսկ մյուսները՝ տեսակապի միջոցով: Կողմերի ներկայացուցիչները նույնպես կարող են լսումներին մասնակցել անձամբ կամ տեսակապով»: 

Հայաստանը սեպտեմբերի 16-ին ՄԱԿ-ի Միջազգային դատարանում դատական գործընթաց սկսեց Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի համաձայն: Ադրբեջանին Հայաստանը մեղադրում է ռասայական խտրականության մեջ, որը շարունակվել է տասնամյակներ շարունակ և սրվել է 2020 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած հակամարտության ընթացքում:

Լևոն Գևորգյանի խոսքով՝ հայցադիմումը ներկայացնում է  նաև պատմական համատեքստ, իսկ խախտումների վերաբերյալ պատմական համատեքստը սկսվում է 20-րդ դարասկզբից՝ սկսած 1918 թվականից. «Քանի որ հայցադիմումը դատական պրոցեսը  նախաձեռնելու վերաբերյալ դիմումն է, այլ ոչ թե ամբողջական հուշագիրը, որը դեռևս պետք է ներկայացվի պետության կողմից, հետևաբար չեմ բացառում, որ այդտեղ կլինեն թարմացումներ, Հայաստանի կողմից լրացուցիչ  փաստարկներ, իրավախախտումների վերաբերյալ լրացուցիչ դիրքորոշումներ կներկայացվեն։ Բայց այս պահին խոսք է գնում ինչպես Ադրբեջանի պաշտոնատար անձանց կողմից ամենաբարձր մակարդակով ատելության խոսքի  տարածմանը վերջին տարիների ընթացքում, այնպես էլ էթնիկ ատելությամբ մոտիվացված հանցագործությունների հերոսացման մասին (Ռամիլ Սաֆարով և այլ անձինք)։ Հայցադիմումում խոսք է գնում նաև հայկական մշակութային ժառանգության  ոչնչացման, ձևախեղման և դրա սխալ ներկայացման մասին, հայ ժողովրդի պատմության կեղծման մասին, խոսք է գնում էթնիկ զտումների մասին»,- ասաց Գևորգյանը։

Ինչ վերաբերում է հայցադիմումի բավարարումից հետո առաջացող հետևանքներին, ապա փաստաբանը նշեց, որ իրավական հետևանքը խախտումների արձանագրումն է և շարունակվող խախտումների դեպքում պահանջը՝ դադարեցնելու այդ խախտումները համապատասխան վերահսկման մեխանիզմների միջոցով։ Հաջորդ իրավական հետևանքը ֆինանսական հատուցումներն են և մինչև խախտումները գոյություն ունեցող իրավիճակի վերականգնման պահանջը, որը կարող է ունենալ թե՛ տեղահանվածների վերադարձի իրավունքի արձանագրման տեսք, թե՛ մշակութային ժառանգության վերականգնման տեսք, որը դեռևս իսպառ ոչնչացված չէ, այլ ձևախեղված։

Իսկ թե միջազգային դատարանի վճիռը ինչպես կօգտագործվի քաղաքական իմաստով, ապա դա, ըստ մեր զրուցակցի, ժամանակի խնդիր է: «Եթե դատարանն արձանագրի, որ գործ ունենք մի պետության հետ, որտեղ տարիներ շարունակ հայատյաց քաղաքականություն է եղել, ապա դրա ֆունդամենտալ քաղաքական արժեքը հսկայական է։ Նման վճիռը հարցեր կբարձրացնի առ այն, թե արդյոք միջազգային հանրության համար կարո՞ղ է ընդունելի լինել մի իրավիճակ, երբ ադրբեջանական վերահսկողություն սահմանվի այնպիսի տարածքներում, որտեղ բնակվում են հայեր»,- ասաց Գևորգյանը։ 

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոսքով էլ՝ Հայաստանը արձանագրված բավարար փաստարկներ ունի ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանին ներկայացնելու համար, այդ փաստարկները միայն վերջին՝ 44-օրյա պատերազմի ժամանակ չեն հավաքագրվել։ «Հայցադիմումում ներկայացված խնդրի վերաբերյալ Հայաստանը ունի բավարար քանակությամբ ապացույց, այդ թվում՝ միջազգային ատյաններով արձանագրված փաստարկներ, որոնք որպես լուրջ հիմնավորում կարող են ներկայացվել այս դատավարության ժամանակ։ Պարզապես պետք է լավ նախապատրաստվել դատավարությանը։ Պետությունը պետք է լուրջ թիմ ձևավորի, առանձնացնի որակյալ իրավաբանների, աջակցի նրանց, որոնք էլ  պատշաճ կներկայացնեն բոլոր փաստարկները։ Պետության պարտավորությունն է այս հայցադիմումը պատշաճ ներկայացնել միջազգային դատարանում»,- ասաց Սաքունցը։ 

Իրավապաշտպանի խոսքով՝ հայցադիմումի հնարավոր բավարարումը կարող է լուրջ հետևանքներ առաջացնել Ադրբեջանի համար։

Հետևանքները կլինեն և՛ իրավական, և՛ քաղաքական։ «Իրավական առումով հետևանքը կլինի այն, որ խախտումները կարձանագրվեն, իսկ քաղաքական տեսակետից այն լայն հնարավորություն է բացում թե՛ Արցախի, թե՛ ընդհանրապես անվտանգային հարցերում»,- եզրափակեց իրավապաշտպանը։