Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պուտին-Էրդողան հանդիպման Ղարաբաղյան համատեքստը․ Տեսանյութ

Սեպտեմբերի 29-ին Սոչիում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպմանը քննարկվել է ղարաբաղյան հակամարտության հետպատերազմյան կարգավորման գործընթացը, ինչպես նաև տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հարցը:

Հատկանշական է, որ ՌԴ նախագահ Պուտինն ասել է, որ հրադադարի վերահսկման ռուս-թուրքական կենտրոնն ակտիվորեն գործում է «Ադրբեջանի եւ Հայաստանի սահմանին»՝ չնշելով Լեռնային Ղարաբաղը:

Մինչդեռ այդ կենտրոնը տեղակայված է Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծից մի քանի կիլոմետր դեպի Ադրբեջանի տարածքի խորքը՝ Աղդամի հատվածում: Ռուս-թուրքական համագործակցությունը Պուտինը նաև անվանել է լուրջ երաշխիք՝ ուղղված կայունության, հաշտեցմանն ու կողմերի դիրքորոշումների համաձայնեցման հետագա քայլերին:

Իր հերթին Թուրքիայի նախագահը Սոչիից վերադարձի ճանապարհին լրագրողների հետ զրույցում կրկին անդրադարձել է Բաքվի կողմից արծարծվող «Զանգեզուրի միջանցքի» թեմային, որը, համաձայն Մոսկվայի ու Երևանի պաշտոնական հայտարարությունների, բանակցություններում չի քննարկվում:

Պուտին-Էրդողան հանդիպման ենթատեքստերին, Հարավային Կովկասում Թուրքիայի աճող ազդեցության նպատակներին ու ներկա պատմական փուլում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորություններին կանդրադառնանք հոկտեմբերի 1-ին, ժամը՝ 17:00-ին, ՏԵՍԱԿԱՊԻ միջոցով «Հոդված 3» ակումբի «ՊՈՒՏԻՆ-ԷՐԴՈՂԱՆ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏԸ» թեմայով քննարկման ժամանակ:
Բանախոսներ են.

ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆ, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտական ղեկավարի պաշտոնակատար, թուրքագետ, ակադեմիկոս

ՔԵՐԻՄ ԽԱՍ, միջազգային եւ թուրք-ռուսական հարաբերությունների փորձագետ։