Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«ՀՀ օդային տարածքը երբևէ փակ չի եղել որևէ մեկի համար, դա IKAO-ի առաջին կետն է, իսկ Նախիջևան իրենք միշտ էլ թռչել են ՀՀ տարածքով». Քաղավիացիայի վարչության նախկին պետ

«ՀՀ օդային տարածքը երբևէ փակ չի եղել որևէ մեկի համար, դա IKAO-ի առաջին կետն է, իսկ Նախիջևան իրենք միշտ էլ թռչել են ՀՀ տարածքով». Քաղավիացիայի վարչության նախկին պետ
Հայաստան
13:32, 06 октябрь 2021
Առավոտից ակտիվորեն սկսեցին տարածվել լուրեր, որ Հայաստանը Ադրբեջանի համար բացել է իր օդային տարածքը, օդային միջանցք է տրամադրել Ադրբեջանին և այլն։ Խոսակցությունները տարածվեցին այն բանից հետո, երբ ադրբեջանական քաղաքացիական ինքնաթիռը երեկ Նախիջևանից Հայաստանի օդային տարածքով ուղևորվեց Ադրբեջան։  

Իրավիճակի մասին Civic.am-ը  փորձեց պարզաբանումներ ստանալ Քաղաքացիական ավիացիայի վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանից: Նա նշեց, որ Հայաստանի օդային տարածքը երբևէ փակ չի եղել ոչ մեկի համար։ «Փակ է եղել Թուրքիայի օդային տարածքը Հայաստանի համար, իսկ դա եղել է մեր տգիտության պատճառով։ Երբ մենք անկախացանք, օդային սահմանը Սովետական Միությանն էր։ Այն ժամանակ ավիացիոն ղեկավարությունը ուշադրություն չդարձրեց օդային սահմանին, և Թուրքիան օգտվեց առիթից՝ ասելով, որ Սովետական Միությունն այլևս գոյություն չունի, էս օդային սահմանը փակ է։ Հետո երբ մենք իմացանք, արդեն ես էի վարչության պետը, մենք ձեռնամուխ եղանք այդ օդային բլոկադան վերացնելուն, և մեզ Եվրոպայի, մասնավորապես Ավստրիայի օգնությամբ հաջողվեց։ Եվրոպան մեզ այդ գործում շատ աջակցեց։ Դրանից հետո օդային որևէ փակ սահման չի եղել քաղաքացիական ավիացիայի համար։ Դա IKAO-ի առաջին կետն է, որ օդը ոչ մեկին չի պատկանում, ոչ մեկի սեփականությունը չէ՝ ինչ-որ բարձրությունից սկսած։ Որոշակի բարձրությունից հետո օդը բոլորինն է»,- ասաց Շահեն Պետրոսյանը։

Շահեն Պետրոսյանը նշեց նաև, որ Ղարաբաղի օդային տարածքը փակ է եղել, որովհետև այնտեղ ռազմական գործողություններ են ընթացել։ «Դա, իմիջիայլոց, Ադրբեջանն է փակել, համարելով իր տարածքը՝ փակել է։ Իսկ Նախիջևան իրենք միշտ էլ թռչել են՝ Բաքու-Նախիջևան կամ Գյանջա-Նախիջևան,  իրենք միշտ էլ մեր Հայաստանի տարածքով են թռչել։ Օդային տարածք փակելը միջազգային սկանդալի կբերի»,- ասաց Շահեն Պետրոսյանը։ 

Այլ է հարցը ռազմական ինքնաթիռների դեպքում։ Ըստ Պետրոսյանի՝ ռազմական ինքնաթիռների դեպքում երկրները կարող են փակել իրենց օդային տարածքները։ 

«Օդային երթուղիները նախօրոք պլանավորվում են, և նախօրոք հայտ են ներկայացնում, այլ բան են չարտերային առանձին թռիչքները։ Առանձին չարտերային թռիչքների համար նախօրոք թույլտվություն է պետք ստանալ, իսկ  կանոնավոր թռիչքները, որ գոյություն ունեն, վաղօրոք պլանը տրված է, և ոչ ոք իրավունք չունի խոչընդոտելու թռիչքները։ Իսկ չարտերայինի դեպքում չարտեր իրականացնողը պետք է որոշակի տեղեկություններ տրամադրի՝ ինչ օդանավ է, ինչի համար է թռչում և այլն։  Բայց չես կարող թույլ չտալ թռչել։ Եթե զինվորներ է տեղափոխում, կարող ես թույլ չտալ, որովհետև, ստացվում է, քաղաքացիական օդանավը օգտագործվում է ռազմական նպատակով»,- ասաց Շահեն Պետրոսյանը՝ պատասխանելով հարցին, թե կարո՞ղ է երկիրը իր օդային սահման մուտք գործող քաղաքացիական օդանավերին չմերժել մուտք գործել իր օդային սահման, բայց և ձգձգել թույլտվությունը՝ այդպիսով անուղղակիորեն թույլ չտալով անցնել իր օդային սահմանով։