Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Օնիկ Գասպարյանի և Սերժ Սարգսյանի հեռախոսազրույցի ձայնագրության մասին լուրը ԱԱԾ աշխատանքի շահարկում է»․ ԱԱԾ

«Օնիկ Գասպարյանի և Սերժ Սարգսյանի հեռախոսազրույցի ձայնագրության մասին լուրը ԱԱԾ աշխատանքի շահարկում է»․ ԱԱԾ
Հայաստան
18:55, 03 март 2021
«Ազգային անվտանգության ծառայությունը նպատակահարմար չի համարում մեկնաբանել ԱԱԾ-ի ծառայության վերաբերյալ շահարկումներ պարունակող նմանատիպ հայտարարությունները»,- Civic.am-ին ասաց ԱԱԾ մամուլի պատասխանատու Սարգիս Գևորգյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե երբ է ԱԱԾ-ն պատրաստվում հրապարակել ՀՀ ԶՈւ ԳՇ պետի և Սերժ Սարգսյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը։ 

Երեկվանից Սերժ Սարգսյանի փեսա, վտարանդի Միքայել Մինասյանը տեղեկություն շրջանառեց, որ ԱԱԾ-ն ձայնագրել է Սերժ Սարգսյանի և Օնիկ Գասպարյանի խոսակցությունը և պատրաստվում է հրապարակել այն։ 

ՀՀ վարչապետն էլ մարտի 1-ի հանրահավաքի ժամանակ ընդգծեց, որ Օնիկ Գասպարյանը ՀՀ երրորդ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի հրահանգներն է կատարում։ Հիշեցնենք, որ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն օրեր առաջ շտաբի մի քանի անդամների հետ համատեղ հայտարարություն էր տարածել՝ պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

ԱԱԾ մամուլի պատասխանատու Սարգիս Գևորգյանից հետաքրքրվեցինք նաև՝ թե արդյո՞ք ԱԱԾ-ում քննություն է տարվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մարտի 1-ի հանրահավաքի ժամանակ հնչեցրած հայտարարության վերաբերյալ, որտեղ վարչապետը շեշտել էր, որ Օնիկ Գասպարյանը ՀՀ երրորդ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի հրամաններն է կատարում։ Ի պատասխան մեր հարցի՝ Սարգիս Գևորգյանը նախ նշեց, որ հարցը քաղաքական տիրույթում է գտնվում և վարչապետի քաղաքական հայտարարությունները ԱԱԾ-ն չի մեկնաբանում։ 

Նարա Մարտիրոսյան