Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Բռնապետ Ալիևը միլիարդավոր դոլարներ է ծախսել ամբողջ աշխարհում՝ փորձելով մաքուր ներկայացնել Ադրբեջանի ցեղասպան գործողությունները». «Պանդորայի փաստաթղթերը» մանրամասնում են Ալիևի ռեժիմի կոռուպցիայի ծավալները

«Բռնապետ Ալիևը միլիարդավոր դոլարներ է ծախսել ամբողջ աշխարհում՝ փորձելով մաքուր ներկայացնել Ադրբեջանի ցեղասպան գործողությունները». «Պանդորայի փաստաթղթերը» մանրամասնում են Ալիևի ռեժիմի կոռուպցիայի ծավալները
Հայաստան
19:07, 07 октябрь 2021
Վաշինգտոն – «Պանդորայի փաստաթղթեր» անվանումը կրող ֆինանսական արձանագրությունների մի հավաքածու, որը վերջերս հրապարակվեց հանրության համար Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի (ICIJ) և Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագծի (OCCRP) կողմից, ի ցույց դրեց Ադրբեջանի Ալիևի ռեժիմի կոռուպցիայի ծավալները և բացահայտեց նրա ընտանիքի և փոխկապակցված անձանց ներգրավվածության խորությունը, հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար):

«Պանդորայի փաստաթղթեր»-ը, որն այժմ համարվում է քաղաքական առաջնորդների ֆինանսական գաղտնիքները մատնանշող օֆշորային տվյալների ամենամեծ արտահոսքը, ICIJ-ի, OCCRP-ի, 150 լրատվամիջոցների և ամբողջ աշխարհում ավելի քան 600 լրագրողների քրտնաջան և մանրակրկիտ աշխատանքի արդյունքն է, ովքեր երկու տարվա ընթացքում տանջվել են շուրջ 12 միլիոն փաստաթղթերի վրա` բացահայտելու թաքնված հարստությունը, հարկերից խուսափելը և փողերի լվացման սխեմաները, որոնք կիրառվում են գործող իշխանությունների կողմից` օֆշորային հաշիվներում թաքցնելու համար:

«Մենք ողջունում և շնորհակալություն ենք հայտնում հետաքննող լրագրողներին, ովքեր ի ցույց են դրել Ալիևի ռեժիմի կոռուպցիան: ԱՄՆ-ում Ադրբեջանի և Թուրքիայի գործունեության վերաբերյալ Կոնգրեսական Էթիկայի նախորդ հետաքննությունը ընդգծեց այս տեսակ կոռուպցիայի վտանգները և միայն մակերեսորեն ցուցադրեց ժողովրդավարությանն ուղղված Էրդողանի և Ալիևի սպառնալիքները»,– ասացին Համագումարի համանախագահներ Վան Գրիգորյանն ու Էնթոնի Բարսամյանը: «Բռնապետ Ալիևը միլիարդավոր դոլարներ է ծախսել ամբողջ աշխարհում՝ փորձելով մաքուր ներկայացնել Ադրբեջանի ցեղասպան գործողությունները, ազդել լրագրողների, գիտնականների, բիզնեսների և քաղաքական գործիչների վրա, մինչդեռ նա և իր ընտանիքը հարյուրավոր միլիոնավոր դոլարներ են ծախսել շքեղ ունեցվածքների վրա՝ իրենց անձնական շահի համար»:

«Հետևաբար, առավել զայրացուցիչ է, որ Ադրբեջանը ստացել էր ավելի քան 100 միլիոն դոլարի ռազմական օգնություն նախկին Վարչակազմի օրոք, որը նա օգտագործեց հայ ժողովրդի դեմ այն պատերազմում, որն Ադրբեջանը սանձազերծեց անցյալ աշնանը»,– հավելեցին համանախագահները: «Կոնգրեսը և Վարչակազմը պետք է ամբողջությամբ կիրառեն Ազատության ակտի 907 Բանաձևը և դադարեն պարգևատրել կոռումպացված, պատերազմ հրահրող, բռնապետական ռեժիմին»: 

Մասնավորապես, փաստաթղթերը բացահայտում են, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և իր ընտանիքը սիստեմատիկ կերպով թալանում են սեփական երկրի հարստությունը՝ 2003թ.-ից՝ Ալիևի պաշտոնավարման առաջին ժամկետից ի վեր, և որ նրանք տարիների ընթացքում ձեռք են բերել մոտավորապես 700 միլիոն դոլարի անշարժ գույք միայն Միացյալ Թագավորությունում, ի լրումն բազմաթիվ օֆշորային ընկերությունների գրանցման և 2,9 միլիարդ դոլարի փողերի լվացման սխեմայի, որը հայտնի է որպես ադրբեջանական լվացքատուն: Նաև հստակեցվել էր, որ Անգլիայի թագուհու անունից սեփականություն տնօրինող և կառավարող Crown Estate-ը 2018թ.-ին 66.5 միլիոն ֆունտ ստերլինգ (91 միլիոն դոլար) գույք է գնել Ալիևների ընտանիքից, որից վերջիններս ստացել են 31 միլիոն ֆունտ ստեռլինգի (42 միլիոն դոլար) շահույթ:

OCCRP-ն հաղորդեց. «Ալիևի երկու դուստրերը, որդին, աները (Արիֆ Փաշաևը) և ընտանիքի երկու մտերիմ փոխկապակցված գործարարներ՝ իրենց հաջողության գագաթնակետին, ցնցող 429 միլիոն ֆունտ ստեռլինգի (694 միլիոն դոլար) անշարժ գույք են ունեցել Լոնդոնում, ներառյալ՝ հայտնի պատմական շենքեր, առևտրային շինություններ և շքեղ բնակարաններ հեղինակավոր թաղամասերում: Այս անշարժ գույքի կայսրության սեփականությունը սիստեմատիկ կերպով, տարիներ շարունակ թաքնված է եղել օֆշորային ընկերությունների հետևում, որոնք ունեն ընդհանրացված անուններ, օրինակ՝ Sheldrake Six և Fliptag Investments»:

Զեկույցը շարունակվեց. «Ընդհանուր առմամբ, OCCRP-ն գտել է նախկինում անհայտ 84 օֆշորային ընկերություններ, որոնք գրանցված են Բրիտանական Վիրջինյան կղզիներում և 2006թ.-ից պատկանում են Ալիևներին ու նրանց հետ փոխկապակցված անձանց: Կարծես թե, ընկերությունները կառավարվում են որպես սերտորեն կապված համակարգ. նորից ու նորից, բացահայտված արձանագրությունները ցույց են տալիս, որ ընկերությունների խմբեր փաստաթղթեր են ներկայացրել կամ տնօրեններ են փոխել հենց նույն օրը: Նրանց տերերն ու տնօրինությունը նույնպես հաճախ փոփոխվում էին մարդկանց նույն փոքր խմբի շրջանակներում»:

OCCRP-ն մեջբերեց Ալիևի կոռուպցիայի ժամկետի տևողությունը, որը տևում է երկու տասնամյակ, մինչ նա վարում էր «գնալով ավելի ահագնացող բռնապետական ռեժիմ՝ հիմնված լրագրողների, փաստաբանների և ակտիվիստների բանտարկության, կեղծ ընտրությունների և զանգվածային կոռուպցիայի վրա»:

Բացի այդ, Ալիևը շռայլ նվերների տեղատարափ մատուցեց այն Կոնգրեսականներին, ովքեր 2013թ.-ին ճանապարհորդեցին Բաքու՝ ըստ Կոնգրեսական Էթիկայի գրասենյակի զեկույցների:

Ամերիկայի հայկական համագումար