Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երեկվա թեժ քննարկումներից հետո օրենքով գողեր են կապվել ինձ և սպառնալից արտահայտություններ հնչեցրել․ Արման Բաբաջանյան

Երեկվա թեժ քննարկումներից հետո օրենքով գողեր են կապվել ինձ և սպառնալից արտահայտություններ հնչեցրել․ Արման Բաբաջանյան
Հայաստան
10:36, 04 март 2021
Այսօր՝ մարտի 4-ին, Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ, երբ պատգամավորները հարցեր էին ուղղում Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Արսեն Մկրտչյանին՝ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը հրապարակավ հանցագործության մասին հաղորդում ներկայացրեց։

«Երեկվա և նախորդ օրվա թեժ քննարկումներից հետո օրենքով գողեր են կապվել ինձ և սպառնալից արտահայտություններ հնչեցրել։ Իհարկե հասկանալի է թե ովքեր են այսօր հովանավորվում դատական համակարգի կողմից՝ այդ թվում նաև ԲԴԽ-ի։ Զգուշացնում եմ՝ սատանի մայլեն քյանդրբազություն չանեք՝ դուք իմ վախը վաղուց բռնել եք, ես 3,5 տարի անազատության մեջ լինելով օրենքով գողերի հետ էլ եմ նստել, քրեական հեղինակությունների հետ էլ եմ առնչվել՝ ուրեմն վեր ընգեք տեղներդ, ձեր գործերով զբաղվեք, կգանք ձեր հետևից»,-վրդովված ասաց Արման Բաբաջանյանը։ 

Հիշեցնենք․ որ երեկ՝ մարտի 3-ին ԱԺ նիստում  ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը ներկայացնում էր Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավորի թեկնածու Արմեն Հայկյանցին։ 

«Ուզում եմ հասկանալ ինչու՞ այստեղ չի ԲԴԽ նախագահը, ով երեկ ներկայացրեց թեկնածուներին, և քանի որ ընթացակարգն ամբողջությամբ չի ավարտվել,  խնդրում եմ պարզաբանեք»,-այս հարցադրումով հանդես եկավ Արման Բաբաջանյանը՝ ակնկալելով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանից պատասխան։  

«Թեկնածուներին ներկայացնողը նեղ ընթացակարգային առումով հարցի քննարկման այս փուլում այլևս անելիք չունի և կարող է բացակայել այս նիստից»,-արձագանքեց Արարատ Միրզոյանն ու անդրադառնալով օրենքով գողերի սպառնալիքներին՝ հավելեց․ « Ձեր հնչեցրածը սպառնալիքի տարրեր է պարունակում, դա հանցագործության մասին հաղորդում է,  հրապարակավ հնչեցրել եք, կարող եք հետամուտ լինել»։