Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՍԴ-ն չի ստացել ՀՀ նախագահի դիմումը․ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ազատման առաջարկն ուժի մե՞ջ է

ՍԴ-ն չի ստացել ՀՀ նախագահի դիմումը․ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ազատման առաջարկն ուժի մե՞ջ է
Հայաստան
11:52, 04 март 2021
Սահմանադրական դատարանը մինչ այժմ չի ստացել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից որևէ դիմում՝ այդ թվում ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ազատման վարչապետի առաջարկի հետ կապված։ Այս մասին Civic.am-ին հայտնեցին Սահմանադրական դատարանի աշխատակազմից։ 

Նշենք, որ ըստ իշխանության՝ Արմեն Սարգսյանը պետք է 3-oրյա ժամկետում դիմեր ՍԴ՝ ազատման առաջարկը Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու համար, հակառակ դեպքում ազատման առաջարկն ուժի մեջ է մտնում այսօր։ Մենք փորձեցինք կապ հաստատել նաև ՀՀ նախագահի հասարակայնության հետ կապերի վարչություն՝ ճշտելու՝ նախագահն այնուամենայնիվ ստորագրե՞լ է այն, թե՞ ստեղծված իրավիճակին այլ ելք է գտել, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան։ 

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահը՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առաջարկությունը ստացել է ՀՀ զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմի հայտարարությունից հետո, որով նրանք պահանջում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ 

Ընդգծենք նաև, որ ՀՀ նախագահն իր հիմնավորումներով հետ էր վերադարձրել Օնիկ Գասպարյանին ազատելու վարչապետի առաջարկը, սակայն այն կրկին իրավական հիմնավորումներով հետ էր ուղարկվել Արմեն Սարգսյանին։ 

Նշենք, որ Սահմանադրության 139 հոդվածով՝ «Հանրապետության նախագահը Սահմանադրության 131-137-րդ հոդվածներով, 155-րդ հոդվածի 3-րդ մասով, 166-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ, 6-րդ և 7-րդ մասերով սահմանված դեպքերում կարող է համապատասխան ակտը եռօրյա ժամկետում իր առարկություններով վերադարձնել առաջարկություն ներկայացնող կամ միջնորդությամբ դիմող մարմին: Եթե իրավասու մարմինը չի ընդունում այդ առարկությունը, ապա Հանրապետության նախագահը ստորագրում է համապատասխան ակտը կամ դիմում է Սահմանադրական դատարան:

Եթե Հանրապետության նախագահը չի կատարում սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջները, ապա համապատասխան ակտն ուժի մեջ է մտնում իրավունքի ուժով»:

Նարա Մարտիրոսյան