Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Փաշինյանի հետ համաձայնության չեկանք, բանակցությունների 2-րդ փուլ է լինելու. Էդմոն Մարուքյան

Էդմոն Մարուքյանը այսօր վարչապետի հրավերով ժամանել էր կառավարության շենք, քննարկելու արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հնարավորությունը։ ԼՀԿ խմբակցության ղեկավարը վարչապետի հետ հանդիպումից հետո պատասխանեց լրագրողների հարցերին, որի ժամանակ ասաց, որ ինքն ունի արտահերթ ընտրություններ անցկացնելու կամք, վարչապետն էլ ունի։

«Կտեսնենք ԲՀԿ-ի կամքը, որից հետո նորից կշարունակենք խոսել։ Պայմանավորվեցինք, որ մենակ մեր դիրքորոշումով չի կարող թեման փակվել, որովհետև չենք կարող Խորհրդարանը ցրել միայն մեր դիրքորոշումով։ Օրինակ՝ եթե ես հրաժարվում եմ վարչապետ առաջադրվելուց, բայց մյուս ուժը չի հրաժարվում, այդ քննարկումը դառնում է անիմաստ, հետևաբար պետք է ընդհանուր կոնսենսունս ունենանք», - ասաց Էդմոն Մարուքյանը։

Դիտարկմանը, թե ԲՀԿ-ն իր ձայներով չի կարող ընտրել վարչապետ, Մարուքյանն ասաց, որ կապ չունի, խոսքը թեկնածու առաջադրելու մասին է։

Էդմոն Մարուքյանն ասաց, որ անձամբ չի պատկերացնում, թե ինչպե՞ս են կայանալու արտահերթ ընտրությունները, առանց Գլխավոր շտաբում առաջացած խնդրի լուծման։ Բայց քանի որ ուզում է օր առաջ լինի արտահերթ ընտրություններ, դրա համար էլ առաջարկել է այդ հարցում գալ կոնսենսուսի, սակայն չի ստացվել։ Վարչապետը, ըստ Մարուքյանի, ասում է, որ պետք չի այդ երկու խնդիրները կապել իրար։ Հարցին, թե ԼՀԿ-ն պատրա՞ստ է հրաժարվել իր նախապայմանից, Մարուքյանն ասաց, որ չգիտի բանակցությունների երկրորդ փուլում ինչ կլինի, բայց հույս ունի, որ բոլորը կունենան իմաստնություն ու բանակցությունների երկրորդ փուլում ինչ-որ ճանապարհ կգտնեն։

«Ես պատրաստ եմ այդ ճանապարհը գտնելու, էդ կամքը կա։ Հույս ունեմ, որ իմ ներկայացրած խնդիրների վերաբերյալ վարչապետը կմտածի»,- ասաց Մարուքյանը։

Ժամկետների մասին հարցին՝ Մարուքյանն ասաց, որ եթե վարչապետը հրաժարական տա մարտի ութին, ապա ապրիլի 25-ին կամ մայիսի 2-ին կլինի ընտրություն։