Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Իմ քայլը» չի ընտրի ներկայացված թեկնածուներին»․ Լիլիթ Մակունցը՝ Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության մասին

«Ռուբեն Վարդազարյանին չի առաջադրել Իմ քայլը խմբակցությունը եւ չէր կարող առաջադրել, չի առաջադրվել խորհրդարանական ընդդիմության եւ ոչ էլ Կառավարության կողմից։ Դատավորները առաջադրվում են դատական իշխանության կողմից եւ բրանց ընտրում դատավորների ընդհանուր ժողովը», - այս մասին Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրության քվեարկությունից առաջ հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

«Ապատեղեկատվությունից խուսափելու համար հանրությանը տեղեկացնում եմ, որ թեկնածուներին ներկայացնում է ԲԴԽ-ն եւ դա է պատճառը, որ այս օրերին նրանց ներկայացնում էր ԲԴԽ նախագահը։ Ինչպես ակնհայտ էր վերջին երեք օրերի նիստերին՝ «Իմ քայլը» կենտրոնացել էր՝ հասկանալի ու ընկալելի դարձնելու  հանրության եւ մեզ համար ԲԴԽ նախագահի հայտնի հայտարարությունը», - ասաց նա։

Մակունցի խոսքով՝ ԲԴԽ նախագահի պարզաբանումները ոչ միայն բավարար ու սպառիչ չէին՝ այլեւ վերահաստատեցին իրենց մտահոգությունները, որ  Վարդազարյանի հայտարարությունը կանխամտածված քաղաքական էր։ 

«Ուզում եմ հիշեցնել, որ հարցերին արձագանքի ժամանակ պարոն Վարդազարյանը ինքը նշեց, որ այն հանպատրաստից չի եղել։ Լինելով մի մարմնի անդամ, որն ըստ սահմանդրության պետք է երաշխավորի դատարանների եւ դատավորի անկախությունը՝ պարոն Վարդազարյանն իր գործունեությամբ չի նպաստել եւ չի նպաստում դատական իշխանության անկախության եւ  քաղաքական զսպվածության երաշխավորմանը, ավելին՝  քաղաքականացնում  է ապաքաղաքական դատական իշխանությունը», -նշեց Մակունցը։

Ըստ Մակունցի՝ «Իմ քայլը» խորին ակնածանք ունի ներկայացված թեկնածուներից պարոն Հայկլյանցի եւ պարոն Մկրտչյանի նկատմամբ։ «Հաշվի առնելով պարոն Վարդազարյանի գործունեության վերաբերյալ  մեր գնահատականը, ինչպես նաեւ այն, որ պարոն Վարդազարյանը բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորեց առաջնային մանդատով օժտված լեգիտիմ Ազգային ժողովի նկատմամբ՝  «Իմ քայլը» խմբակցությունն այսօր չի ընտրելու ներկայացված թեկնածուներին»։ 

Մակունցի խոսքով՝ իշխող խմբակցույթունն իր այս քայլով դիրքորոշում է հայտնելու ոչ թե թեկնածուների վերաբերյալ, այլ հենց ԲԴԽ նախագահի, որպես բարձրագույն դատական խորհրդի նախագահի գործունեության եւ հայտարարությունների վերաբերյալ։

«Հասել ենք այնտեղ, որ քրեական ենթամշակույթին առնչվող անձինք միջնորդավորված կապ են հաստատում ԱԺ պատգամավորների հետ՝ ի պաշտպանություն ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի», - եզրափակեց նա։