Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Համայնքապետերը նախագծով իրավունք կունենան հրաժարականի դիմում ներկայացնելուց հետո 3-օրյա ժամկետում հետ վերցնել դիմումը․ Վաչե Տերտերյան

Համայնքապետերը նախագծով իրավունք կունենան հրաժարականի դիմում ներկայացնելուց հետո 3-օրյա ժամկետում հետ վերցնել դիմումը․ Վաչե Տերտերյան
Հայաստան
15:22, 21 октябрь 2021
ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվեց «Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որը ներկայացրեց ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը և նշեց՝ ցանկալի է, որ նախագիծը դրական եզրակացությամբ ներառվի ԱԺ ընթացիկ օրակարգում։ 
Երևան քաղաքում «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը ևս ներկայացրեց Վաչե Տերտերյանը։ «Այս օրենքի նախագծով մենք փորձել ենք որոշակի իրավակարգավորում տալ և դրան համապատասխան մարզպետի կարգավիճակ ունեցող Երևանի քաղաքապետի, Երևան քաղաքի շրջանային խորհուրդների և գործադիր մարմինների քաղաքային խորհուրդների կողմից ընդունված և իրենց իրավական ուժը պահպանած ակտերը փոփոխելու, լրացնելու և ուժը կորցրած ճանաչելու լիազորությունը պատվիրակել Երևանի քաղաքապետին՝ սահմանելով, որ, ըստ անհրաժեշտության, Երևանի քաղաքապետարանին մասնագիտական աջակցություն կցուցաբերի Տարածքային կառավարման մարմնի պետական լիազոր մարմինը։ Եթե նկատում եք, մենք պարտավորություններ չենք պատվիրակել Երևանի քաղաքապետարանին, այլ, օրինակ, ամենատրիվիալ դեպքը, ենթադրենք՝ կա իրավական ակտ, որով քաղաքացու նկատմամբ կա պարտավորություն, ով ապրում է, օրինակ, Լենինի պողոտայում, որը վաղուց կոչվում է Մաշտոցի պողոտա։ Հիմա անհրաժեշտություն կա, որ ինչ-որ տեղեկանքում նշվի Մաշտոցի պողոտա, որովհետև չի կարելի նշել մի բան, որն այլևս չկա։ Դրանից պարտավորության բովանդակությունը չի փոփոխվում, բայց որոշակի փոփոխություններ անելու անհրաժեշտություն, այնուամենայնիվ, կա։ Այսպիսի օրինակները շատ են։ Նման պարագաներում մենք հայտնվում էինք փակուղում»,- ասաց Վաչե Տերտերյանը։ 
Վաչե Տերտերյանը ներկայացրեց նաև, որ համայնքապետերը նախագծով իրավունք կունենան նաև իրենց հրաժարականի մասին հայտարարելուց և հրաժարականի դիմում ներկայացնելուց հետո երեքօրյա ժամկետում հետ վերցնել դիմումը, ինչը բխում է Աշխատանքային օրենսգրքից և աշխատողի իրավունքներից։ 
Առաջարկվող փոփոխությունների երկու կետի հետ կապված հարց ուներ ընդդիմադիր պատգամավոր Սիմոնյանը, մասնավորապես, որ առաջարկվող նախագծով համայնքի ղեկավարի՝ մեկ ամսից ավելի իր ծառայողական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում մարզպետը և վարչապետը թափուր տեղերում նշանակեն տեղակալներին։ «Նույն տրամաբանությամբ, գործող օրենքի 27-րդ հոդվածի 2.1 կետը թողել եք անփոփոխ։ Այսինքն՝ օրենքով սահմանված կարգով ժամկետի լրանալու պարագայում որևէ պահանջ չեք դրել ժամանակավոր պաշտոնակատարի նշանակման առումով»,- նշեց Սիմոնյանը և հետաքրքրվեց՝ արդյոք ինստիտուցիոնալ և տրամաբանական առումով սրանք իրար չե՞ն համապատասխանում։ Մի դեպքում, ըստ Սիմոնյանի, երբ համայնքապետը մեկ ամսից ավելի ժամկետով հիվանդանում կամ երկրից բացակայում է, պաշտոնի է նշանակվում տեղակալը, իսկ ժամկետի լրանալուց հետո մարզպետը կամ վարչապետը իր հայեցողությամբ նշանակում է՝ ում ուզում է, և սա մեր քաղաքական դաշտի ամենախնդրահարույց կետերից է։ 
Տերտերյանը նշեց, որ դրանք նման իրավիճակներ չեն։ «Եթե խոսքը գնում է մեկ ամսով անհնարինության մասին, ապա մեկ ամիս հետո դա կարող է լինել հնարավոր, այսինքն՝ դա անհնարինություն է ժամանակավոր, իսկ մյուս դեպքում դա պաշտոնավարման ավարտ է։ Դրանք այնքան էլ իրար նման չեն։ Եթե քննադատում ենք, որ մարզպետը կամ վարչապետը իր հայեցողությամբ նշանակում է  պաշտոնակատար, մյուս դեպքն էլ կարելի է քննադատել այն համատեքստում, որ այնուամենայնիվ պաշտոնակատարը մնում է նույն թիմից, ով մինչ այդ պաշտոնավարում էր»,- ասաց Վաչե Տերտերյանը։