Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ի տարբերություն նախագահի պաշտոնը երբեմնի զբաղեցրած անձնավորության՝ մենք կարծում ենք, որ քաղաքականության համար խելքը պետք է. Արման Բաբաջանյան

«Հանուն Հանրապետության» կուսակցությունը՝ հանձին կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի, և Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտը՝ հանձին հիմնադիր և ղեկավար Ստեփան Սաֆարյանի, ստորագրելու են Համագործակցության հուշագիր, համաձայն որի՝ «Հանուն Հանրապետության» կուսակցության անդամները, քաղաքական խորհրդի անդամները, ակտիվիստները ՄԱՀՀԻ-ում կանցնեն ժողովրդավարության դպրոցի դասընթացներ:

Ինչպես նշեց «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը, Ստեփան Սաֆարյանի հետ իրենց համագործակցությունը կայացել է նաև վերջերս տեղի ունեցած ընտրությունների ժամանակ. «Մենք միասին ընտրությունների էինք մասնակցում, և մեզ համար չափազանց թանկ է ձեզ հետ ցանկացած ձևաչափով գործակցությունը: Ի տարբերություն մեր երկրի նախագահի պաշտոնը երբեմնի զբաղեցրած անձնավորության՝ մենք կարծում ենք, որ քաղաքականության համար խելքը պետք է: Եվ կարծում եմ, որ Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին, որոնք ունեն ներքին և արտաքին քաղաքական բնույթ և հավասարապես սպառնալիքներ են, դիմագրավելու համար մեզ չափազանց մեծ հմտություններ են պետք՝ քաղաքական իմաստնության, գիտելիքներ ունեցող քաղաքական դերակատարների, քաղաքական միջավայրի կարիք կա: Եվ դրա համար անհրաժեշտ է, որ ակտիվ դերակատարության հայտ ներկայացրած քաղաքական ուժերը առավելապես համապատասխան գիտելիքներ ունենան՝ դիմագրավելու համար այն մարտահրավերներին ու սպառնալիքներին, որոնք այսօր կան և վաղը չեն վերանալու»:

Արման Բաբաջանյանը նշեց, որ իրենք ինստիտուտում ունենալու են երկու հոսք, և կարծում է, որ այն շարունակական կլինի: