Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումները Հայաստանում սկսվել են․ «Հայկական ժամանակ»

Կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումները Հայաստանում սկսվել են․ «Հայկական ժամանակ»
Հայաստան
10:40, 05 март 2021
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. 

ՀՀ առողջապահության նախարարությունը հույս ունի, որ մինչև հաջորդ շաբաթ Հայաստան կներկրվի ռուսական «Sputnik V»  պատվաստանյութի առաջին խմբաքանակը: Նախատեսվում է ձեռք բերել 15 000 դեղաչափ 7 500 մարդու պատվաստելու համար: Սկզբնական փուլում կամավոր հիմունքով կարող են պատվաստվել ռիսկի խմբերը՝ 65 և բարձր տարիքի անձինք, 16- 64 տարեկան քրոնիկ հիվանդները, բուժաշխատողները, սոցիալական խնամքի կենտրոնների աշխատակիցները։ Այս մասին «Հայկական Ժամանակի» հետ զրույցում ասաց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն Գայանե Սահակյանը:

Սահակյանը նշեց նաև, որ ՌԴ առողջապահության նախարարության կողմից Հայաստանը նվեր է ստացել պատվաստանյութի 2000 դեղաչափ՝ 1000 մարդու համար: Այժմ պատվաստումները սկսել են կորոնավիրուսով վարակվածներին բուժող բուժաշխատողների շրջանում: Պատվաստված բուժաշխատողների քանակն արդեն 200-ն է: 2020 թվականի մարտից 2021 թվականի փետրվարի դրությամբ կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվել է 5588 բուժաշխատող, որից 1697-ը բժիշկներն են, 2489-ը բուժքույրերը, 704 մայրապետեր, այլ աշխատակիցները 698:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում