Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հաջորդ տարի սկսելու են Հյուսիս-հարավ մայրուղու Սիսիան-Քաջարան և Քաջարան-Ագարակ հատվածների շինաշխատանքները. վարչապետ

«Մենք հայաստանյան ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ 2022-ին ծախսելու ենք 32 տոկոսով ավելի, քան 2021 թվականին»,- այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստերում բյուջետային քննարկումների ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հավելեց, որ այս ուղղությամբ ծախսերը հասնելու են 278 մլրդ դրամի:

Նրա խոսքով՝ նախատեսված է վերականգնել և նորոգել 500 կմ ճանապարհ, նախագծել կամ կառուցել տարբեր մեծության ջրամբարներ, որոնք էականորեն կբարձրացնեն ոռոգման ջրի մատակարարման ծավալը և որակը: 

«35 տոկոսով ավելանալու է խմելու ջրի որակի բարելավման ուղղությամբ կատարվող աշխատանքների ծավալը՝ հասնելով 11.5 մլրդ դրամի: Մեկնարկելու են Հյուսիս-հարավ մայրուղու Սիսիան-Քաջարան և Քաջարան-Ագարակ հատվածների մրցույթները՝ նպատակ ունենալով հաջորդ տարի սկսել միանգամից երկու հատվածների շինարարական աշխատանքները»,- նշեց Նիկոլ Փաշինյանը: