Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«2023թ․-ից հետո անձնագրերը տրվելու են կրկին 10 տարի ժամկետով»․ փոխոստիկանապետի պարզաբանումը

«2023թ․-ից հետո անձնագրերը տրվելու են կրկին 10 տարի ժամկետով»․ փոխոստիկանապետի պարզաբանումը
Հայաստան
13:57, 26 октябрь 2021
«Սա դեռեւս պարտադիր պահանջ չէ, սա նախագիծ է, որով առաջարկվում է հին նմուշի անձնագրերի վավերականության ժամկետը սահմանել 2 տարի»,-ԱԺ լիագումար նիստում այսօր ի պատասխան «Հայաստան» դաշինքից Արծվիկ Մինասյանի հարցադրումների՝ պարզաբանեց ՀՀ ոստիկանապետի տեղակալ Արա Ֆիդանյանը։

Նրա խոսքով՝ քննարկումների առիթ հանդիսացած այս դրույթը վերաբերում է միայն կառավարության 1998թ․-ի դեկտեմբերի 25-ի N 821 որոշմամբ նախատեսված անձնագրերին։

Ֆիդանյանը նշեց․ «Առաջարկում ենք հին նմուշի անձնագրերը հետայսու տրամադրել 2 տարի ժամկետով, բայց այդ «հետայսու»-ն բավականին հարաբերական է, քանի որ նախատեսում ենք 2022թ․-ի վերջից կամ 2023թ․-ի սկզբից ներդնել նոր կենսաչափական անձնագրերի համակարգ, որով 821 որոշմամբ սահմանված անձնագրերի գործունեությունը լիովին դուրս կգա։ Այսինքն, այս 2 տարին մեկանգամյա բնույթ է կրում եւ գործելու է մինչև 2023թ․-ի սկիզբը, որից հետո անձնագրերը տրվելու են կրկին 10 տարի ժամկետով»։

Արա Ֆիդանյանը կրկին շեշտեց, որ խոսքը միայն հին նմուշի անձնագրերի մասին է, իսկ կենսաչափական անձնագրերի վերաբերյալ պահպանվում է տասը տարվա վավերականության ռեժիմը։

«Հայաստան» դաշինքից Էլինար Վարդանյանն էլ հետաքրքրվեց՝ տեղեկություններ կան, որ այս նախագիծը կապված է շուկա մուտք գործող՝ անձնագրերի հրատարակմամբ զբաղվող ինչ-որ ընկերության հետ։ Ոստիկանապետի տեղակալը պնդեց, որ դա ապատեղեկատվություն է․ «Մենք դեռ չենք հայտարարել նոր անձնագրերի ներդրման համակարգի մրցույթ»։

Արա Ֆիդանյանը նաեւ տեղեկացրեց, որ այժմ երկու միլիոնից ավելի հին նմուշի վավեր անձնագիր կա, ուստի տեւական ժամանակ կպահանջվի, որպեսզի ամբողջությամբ անցնենք կենսաչափական անձնագրերին։