Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Շրջակա միջավայրի պաշտպանության ենթակառուցվածքների զարգացում» ծրագրին կհատկացվի 409․931․000 դրամ

«Շրջակա միջավայրի պաշտպանության ենթակառուցվածքների զարգացում» ծրագրին կհատկացվի 409․931․000 դրամ
Հայաստան
15:42, 26 октябрь 2021
Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսիսյանն այսօր ավագանու նստի ժամանակ զեկուցեց Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 23-ի 310 N որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին հարցը։ Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծով նախատեսվում է Երևան քաղաքի 2021 թվականի բյուջեում իրականցնել փոփոխություններ, նախագծով առաջարկվում  է  «Շրջակա միջավայրի պաշտպանության ենթակառուցվածքների զարգացում» ծրագրին հատկացնել 409․931․000 դրամ։ 

Մասնավորապես, նախատեսվում է իրականացնել Երևան քաղաքի Շիրակի փողոցի 88/1 հասցեում Երևանի աղբահանության սանիտարական մաքրում համայնքային հիմնարկի և Թեյշեբանի փողոցի 8/8 հասցեում  Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն ՀՈԱԿ-ի վարչական շենքերի կառուցման աշխատանքները։

Քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Լևոն Զաքարյանը նշեց, որ, ինչքանով ինքն է տեղյակ,  թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն ՀՈԱԿ-ի վարչական շենքը պատրաստ է, և ճշտեց, թե մասնավորապես ի՞նչ աշխատանքներ են նախատեսվում կատարել այդտեղ։

Քաղաքապետի տեղակալ Գայանե Մելքոմյանը պատասխանեց, որ իրականաում շենքը վարչական աշխատակիցների աշխատանքի համար հարմարեցված բավարար տարածք չունի և նրանցից 14 հոգին Բյուզանդի 2-րդ վարչական շենքում՝ 2 սենյակում են աշխատում՝ բավական անհարմար պայմաններում։

«Սա ևս 130 քառակուսի մետրով լրացուցիչ ավելացում է՝  գոյություն ունեցող շենքին, որպեսզի 14 աշխատակիցներն ու տնօրենը կարողանան տեղափոխվել արդեն Թեյշեբանի և ՀՈԱԿ-ն արդեն աշխատի մեկ վայրում», - նշեց տիկին Մելքոմյանը։

Քաղաքապետն իր հերթին հավելեց, որ այստեղ խոսքը ոչ թե անհարմար և հարմար նստելու մասին է, այլ համակարգի ճիշտ աշխատանքի․ «Այսինքն բոլորը, ինչպես նաև տնօրենը, պետք է մեկ վայրում կենտրոնացված լինեն, որպեսզի ճիշտ լինի աշխատանքին հետևելը, բացակայությունները և այլն, որպեսզի այդ համակարգի և մեր ՀՈԱԿ-ի ՕԳԳ-ն բարձրանա»։

Պարոն Մարությանը նաև նշեց, որ երկրորդ խնդիրը, որը լուծվում է, այն է, որ ներկա մասնաշենքում ազատվում են կարևոր տեղեր, որը կա՛մ կծառայեցվի քաղաքապետարանի կարիքների համար, կա՛մ կտրվի վարձակաության, որը նույնպես բյուջե գումար կբերի, այսպիսով միանգամից 2 հարց լուծելով։

Որոշումն ընդունվեց ձայների 31 կողմ, 1 դեմ, 7 ձեռնպահ քվեարկությամբ։