Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բերման ենթարկված օրենքով գողերը կա՞պ ունեն Արման Բաբաջանյանի հայտարարության հետ

Բերման ենթարկված օրենքով գողերը կա՞պ ունեն Արման Բաբաջանյանի հայտարարության հետ
Հայաստան
12:58, 05 март 2021
Ազգային ժողովը երեք օր շարունակ քննարկում էր Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուների ընտրության հարցը: ԱԺ էր հրավիրված նաև ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը, որին պատգամավորները բավական սուր հարցեր էին ուղղում: Ի դեպ՝ նշենք, որ ԲԴԽ նախագահը ԱԺ ամբիոնից չհերքեց, որ համակարգում վնգստացող դատավորներ կան:

ԱԺ-ն այդպես էլ չընտրեց Վճռաբեկ դատարանի դատավոր: Իսկ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը հայտարարեց, որ վերջին օրերի թեժ քննարկումների արդյունքում իր հետ օրենքով գողեր են կապվել և սպառնացել. «Երեկվա և նախորդ օրվա թեժ քննարկումներից հետո օրենքով գողեր են կապվել ինձ և սպառնալից արտահայտություններ հնչեցրել։ Իհարկե, հասկանալի է թե ովքեր են այսօր հովանավորվում դատական համակարգի կողմից՝ այդ թվում նաև ԲԴԽ-ի։ Զգուշացնում եմ՝ սատանի մայլեն քյանդրբազություն չանեք՝ դուք իմ վախը վաղուց բռնել եք, ես 3,5 տարի անազատության մեջ լինելով օրենքով գողերի հետ էլ եմ նստել, քրեական հեղինակությունների հետ էլ եմ առնչվել․ ուրեմն վեր ընգեք տեղներդ, ձեր գործերով զբաղվեք, կգանք ձեր հետևից»,- վրդովված ասել էր Արման Բաբաջանյանը։ 

Այս հայտարարությունը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը որակեց որպես հանցագործության մասին հաղորդում: 

Civic.am-ն այսօր կապ հաստատեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի հետ` պարզելու արդյո՞ք հարուցվել է քրեական գործ, և գնացե՞լ են որևէ մեկի հետևից:

«Գլխավոր դատախազությունն արձանագրել է այդ հայտարարությունը և այս պահին ուսումնասիրման փուլում է»,- ի պատասխան մեր հարցին՝ ասաց Գոռ Աբրահամյանը:

Նշենք, որ Արման Բաբաջանյանի` «Ձեր հետևից կգան»  հայտարարությունից հետո, Shamshyan.com-ը հրապարակեց Էջմիածնում օրենքով գողերին բերման ենթարկելու մասին տեղեկատվություն: Ըստ տեղեկատվության՝ բերման են ենթարկվել «Լեննականցի Զապն» ու «Շահումյանցի Ժիրոն»:

Գլխավոր դատախազի խորհրդականից հետաքրքրվեցինք` արդյո՞ք նշված անձինք որևէ կապ ունեն Արման Բաբաջանյանի հայտարարության հետ, սակայն Գոռ Աբրահամյանն անտեղյակ էր ենթադրյալ կապից:

Նարա Մարտիրոսյան