Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Օնիկ Գասպարյանը կհայտնվի նույն կարգավիճակում, ինչ Միքայել Հարությունյանը․ Արամ Սարգսյան (տեսանյութ), A1plus.am

«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը այսօր՝ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, լրագրողների հետ զրույցում,  անդրադառնալով Օնիկ Գասպարյանի և ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի կողմից արված վերջին հայտարարություններին, նշեց, որ բանակը քաղաքական գործընթացներին չպետք է խառնվի, և այս առումով ողջունելի չէ բանակի միջամտությունը։

«Ես երբեք էլ չեմ ողջունել քաղաքականության մեջ բանակի միջամտությունը։ Նույն մարտի 1-ին, երբ բանակը միջամտեց, բանակին հրաման տվողը հայտարարեց, որ ինքը տեղյակ չէ, որ ինքը 2 օր հետո է իմացել, որ Միքայել Հարությունյանը ինքն է ինքնագլուխ արել այդ ամենը։ Այն դեպքում, երբ Միքայել Հարությունյանը այդ ժամանակ Թիֆլիսում էր ու նրան ինչում ասես կարելի է մեղադրել, բացի քաղաքական լինելուց»,- նշեց նա։

Սարգսյանը հավելեց, որ այս դեպքում տեսնում է կողքից քաղաքական «բզբզողների», ովքեր չեն թաքցնում հեղաշրջումների, Երևանում զորքեր տեսնելու հանդեպ իրենց հակվածությունը, "իսկ դա որևէ լավ բանի չի կարող բերել"։

«Կարծում եմ, որ նույն կերպ Օնիկ Գասպարյանը կհայտնվի այն կարգավիճակում, որում հայտնվեց Միքայել Հարությունյանը։ Ընդհանրապես, այս կյանքում  ինչ ցանես, այն էլ հնձելու ես։ Եթե հեղաշրջում, չարություն, վրեժխնդրություն ես ցանում, դա էլ հնձում ես։ Բարություն ուղարկիր, մարդկանց գնահատիր ու քեզ էլ կգնահատեն»,- նշեց Սարգսյանը։

Հարցին, թե ռազմական հեղաշրջման փորձ, այնուամենայնիվ, եղե՞լ է, քանի որ շատ ընդդիմադիրներ պնդում են, որ հայտարարությունը դեռևս ռազմական հեղաշրջման փորձ չէ, Սարգսյանը պատասխանեց․ «Հայտարարությունը քաղաքական գործընթացներին միջամտել է, ինչը օրենքով արգելված է։ Ի՞նչ է նշանակում դա փորձ է, թե՞ փորձ չէ։ Եթե փորձը անում են և հաջողվում է, դա արդեն ռազմական հեղաշրջում է։ Հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ է։ Բարեբախտաբար այդ փորձը չի վերածվել տանկեր քաղաք իջնելու։ Եթե իջեցվեր, դա կլիներ արդեն ռազմական հեղաշրջման իրացում»։