Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գնել Սանոսյանը ծանոթացել է Գառնի համայնքում սուբվենցիոն ծրագրով իրականացվող աշխատանքներին

Գնել Սանոսյանը  ծանոթացել է Գառնի համայնքում սուբվենցիոն ծրագրով իրականացվող աշխատանքներին
Հայաստան
18:11, 30 октябрь 2021
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Կոտայքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Գառնի համայնքում ծանոթացել է սուբվենցիոն ծրագրով իրականացվող աշխատանքներին։ 

Սանոսյանը մասնավորապես ծանոթացել է ՏԿԵ նախարության, Տարածքային զարգացման հիմնադրամի և Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի կողմից՝ Համաշխարհային բանկի և պետության համաֆինանսավորմամբ իրականացվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման» ծրագրի շրջանակներում հիմնանորոգվող Գառնու «Քարերի սիմֆոնիա» հուշարձանից դեպի Խոսրովի արգելոց տանող շուրջ 700 մետր երկարության ճանապարհահատվածի շինարարության ընթացքին։

Ծրագրով արդիականացվելու են նաև գիշերային լուսավորության, ջրահեռացման համակարգերը և առկա կոմունիկացիաները, կառուցվելու և վերանորոգվելու են հենապատեր, իսկ ճանապարհահատվածի վերջնամասում կառուցվելու է նաև երկու ավտոկայանատեղի: 

Ծրագրի արժեքն ավելի քան 214 մլն դրամ է:

Շինարարները վստահեցրել են, որ մինչև տարեվերջ, եղանակային բարենպաստ պայմանների դեպքում, հնարավոր կլինի աշխատանքի մեծ մասը ավարտին հասցնել։