Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ռուսական վերնախավում Ռոբերտ Քոչարյանը չունի միարժեք աջակցություն»․ քաղաքական վերլուծաբան

«Ռուսական վերնախավում  Ռոբերտ Քոչարյանը չունի միարժեք աջակցություն»․ քաղաքական վերլուծաբան
Հայաստան
17:59, 05 март 2021
«Վազգեն Մանուկյանին աջակցելու, 17-ին աջակցելու ներգրավված լինելու առումով Ռոբերտ Քոչարյանը տակտիկական խնդիրներ է լուծում», -  Civic.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ նպատակ է հետապնդում Ռոբերտ Քոչարյանը, երբ հայտարարում է, որ աջակցում է «Հայրենիքի փրկության շարժմանը», սակայն ընտրություններին մասնակցելու պատրաստակամություն հայտնում։

«Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը ռուսական լրատվամիջոցների հետ ակհայտորեն ցույց տվեց, որ չնայած աջակցությանը, տակտիկական ներգրավվածությանը, այսպես ասած, արմատական ընդդիմության 17-ի շրջանակին՝ Ռոբերտ Քոչարյանը, անշուշտ, իր առանձին խաղն է խաղում եւ իր առանձին քաղաքական ծրագրերն ունի, եւ դրա մի պարզ վկայությունն էր նաեւ օրեր առաջ նրա հայտարարությունը, որ ընտրություններին կմասնակցի իր թիմով եւ կհաղթի», - ասաց Հակոբ Բադալյանը։

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությանը, որ Հայաստանը պետք է Ռուսաստանի հետ շատ ավելի խորը համագործակցի` քաղաքական վերլուծաբանն ասաց․ «Ինչը վերաբերվում է Ռուսաստանի հետ խորը ինտեգրացիային, նախ Ռոբերտ Քոչարյանն ինքը չի հստակեցնում, թե ինչ նկատի ունի խորը ինտեգրացիա ասելով, այսինքն՝ շատ կարեւոր կլիներ եւ առարկայական կլիներ, որ Ռոբերտ Քոչարյանն ինքը մեկ-երկու օրինակով ներկայացներ, թե  ինքը ինչպես է պատկերացնում այդ խորը ինտեգրացիան, որովհետեւ, երբ այդ օրինակները չկան, այստեղ ակնհայտ է դառնում, որ հայտարարությունները ընդամենը արվում են Ռուսաստանից հնարավորինս աջակցություն ստանալու համար»,- ասաց նա։

Բադալյանի կարծիքով՝ միարժեք աջակություն այսպես ասած ռուսական վերնախավում քաղաքական մակարդակով Ռոբերտ Քոչարյանը չունի, այլապես նրա ինչին էր պետք  այդպիսի ռեվերանսներ անել Ռուսաստանին իր պատրաստակամության կամ մոտեցումների վերաբերյալ։  «Ակնհայտ է, որ նա փորձում է Ռուսաստանում ավելի ու ավելի նոր շրջանակների աջակցություն ստանալ եւ դրա միջոցով նաեւ գուցե գալ նաեւ քաղաքական աջակության արդեն բարձր մակարդակի որոշման։ Կստացվի՞ դա Ռոբերտ Քոչարյանի մոտ, դա արդեն այլ հարց է», - ավելացրեց նա։

Հարցին՝ արդյո՞ք վտանգ չկա, որ ԳՇ պետի վերջին հայտարարությունը կարող է հետագայում խթան հանդիսանալ, որպեսզի արտահերթ ընտրություններից հետո Ռոբերտ Քոչարյանը  փորձի բանակը ներգրավվել քաղաքական գործընթացներում, քաղաքական վերլուծաբանը պատասխանեց․  «Ես կարծում եմ՝ որեւէ պարագայում բանակի ներգրավվումը կլինի անդառնալի հարված հայկական պետականությանը, անկախ նրանից, թե ինչպիսի դասավորության կամ շրջափուլում դա տեղի կունենա։ Բանակի ներգրավվումը այս կամ այն քաղաքական նպատակի համար դա կլինի հարված մեր պետությանը»։ 

Վերլուծաբանի կարծիքով՝ ընտրության գնալով, այսինքն՝ ընտրության վերաբերյալ քաղաքական համաձայնության գալով քաղաքական ուժերը մինչ այդ պետք է անպայման հանգուցալուծեն բանակի շուրջ ստեղծված իրավիճակը։ «Ես առիթ ունեցել եմ այդ մասին խոսելու եւ հիմա էլ կրկնեմ, որ սա շատ կարևոր է այն երաշխիքները ձեւավորելու համար, որ ընտրական պրոցեսում կամ քաղաքական զարգացումների որևէ պահի բանակը դարձյալ ինչ-որ մի կերպ, ինչ-որ մի բեւեռից դարձյալ չի ներգրավվի քաղաքական պրոցեսներին», ասաց նա եւ ավելացրեց․ 

«Այդ իսկ պատճառով, երբ խոսվում է արտահերթ ընտրության գնալու, դրա  շուրջ քննարկումների ճանապարհային քարտեզի մասին, այստեղ առանցքային կետ պետք է լինի բանակի շուրջ, գլխավոր շտաբի շուրջ ներկայումս ստեղծված իրավիճակը հանգուցալուծելը, ապաքաղաքական, վերքաղաքական վերջնական հանգուցալուծում տալը և նաև ձևավորել որոշակի քաղաքական, իրավաքաղաքական մեխանիզմներ կամ եղած մեխանիզմների շուրջ ձեռք բերել պայմանավորվածություններ, որ այլևս կբացառվի բանակի վերքաղաքական դիրքից, ինչ-որ ներքաղաքական դիրքեր բերելը»:

Անդրադառնալով Պեսկովի այն հայտարարությանը, որ Քոչարյանը Ռուսաստանի մեծ բարեկամն է, Հակոբ Բադալյանը ասաց․ «Գիտե՞ք, ես կարծում եմ  Ռուսաստանը Հայաստանում չունի իր բարեկամները, այսպես ասած: Եթե հայտնի քաղաքական, պատմական գործչի խոսքերը փոքր-ինչ ձևավորենք, ձևափոխենք, ապա Ռուսաստանը Հայաստանում չունի բարեկամներ և թշնամիներ: Ռուսաստանը Հայաստանում ունի շահեր, և այս տեսանկյունից այդ շահերը առաջ տանելն է Ռուսաստանի խնդիրը և Պեսկովը նույն հայտարարության մեջ նշում էր, որ Հայաստանը քաղաքական դաշտի գերակշռող մասը կողմ է Ռուսաստանի հետ հարաբերության խորացմանը»: 

Ըստ նրա՝ ոչ միայն Ռոբերտ Քոչարյանին է Մոսկվան դիտարկում, այլ նաև ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ այս իմաստով Պեսկովի ակնարկը կամ հայտարարությունից պետք է ենթադրել, որ Ռուսաստանի բարեկամ կամ Ռուսաստանի հենարան լինելու մենաշնորհը ամենևին Ռոբերտ Քոչարյանինը չէ: 

Քաղաքական վերծուծաբանը նկատեց, որ հայաստանյան քաղաքական դերակատարների մեջ առաջանում է կամ վաղուց առկա է մրցակցություն, թե ով ավելի շատ հավատարմություն կամ ով ավելի պատրաստակամ ծառայության հայտ կներկայացնի Ռուսաստանին: 

«Ռոբերտ Քոչարյանը ընդամենը խաղացողներից մեկն է: Գուցե ընդհանուր դաշտում բավականին ավելի մեծ հնարավորություններ ինչպես նշեցի Ռուսաստանում ավելի լայն շրջանակների ազդեցություն ստանալու հնարավորություն ունեցող և այդ հնարավորության միջոցով արդեն նաև վերնախավով բարձր քաղաքական մակարդակով աջակցություն ստանալու գործիչ: Կարծում եմ՝ սա է պատկերը, բայց էլի կրկնեմ՝ Ռուսաստանն առաջնորդվելու է իր շահերով, և դա է լինելու կողմնորոշիչ»,- հավելեց նա։ 

Ըստ վերլուծաբանի՝ ընդհանրապես հայաստանյան ընդդիմության մեջ կա այդ մտայնությունը կամ եղել է այդ մտայնությունը, որ հնարավոր է Ռուսաստանին համոզել, որպեսզի ետ բերի իշխանության այսպես ասած, եթե կարելի է այսպես ասել․ սա մոլորություն է եղել միշտ և շարունակելու է մնալ մոլորություն:

Մեր հարցին, թե ի՞նչ է ուզում ասել Ռոբերտ Քոչարյանը, երբ հայտարարում է, թե «Մարտի 1-ի դեպքը «մակական խաղեր» է այն բանի համեմատ, ինչ հիմա է կատարվում, Հակոբ Բադալյանն ասաց․ «Հասկանալի է, որ նա իր քաղաքական դիրքավորման տեսանկյունից փորձում է իր հերթին պատասխանատվության սլաքը ուղղել կամ հակադարձել իրեն ուղղված մեղադրանքները կամ հակադարձել ներկայիս իշխանությանը: Այսինքն՝ քաղաքական մոտիվի և վարքագծի տեսանկյունից շատ հասկանալի բան է, իսկ հնարավոր տողատակերի առումով ես ընդհանրապես կարծում եմ հետևյալը, որ մարտի 1-ի զարգացումները և իրադարձությունները ամենևին ներհայաստանյան շրջանակով պայմանավորված իրադարձություններ չէին, որ այստեղ շերտերը և հնարավոր փոխկապակցված, փոխազդող գործոնները շատ են և Հայաստանի սահամներից դուրս անշուշտ դուրս»: 

«Գուցե Քոչարյանն անում է որոշակի ակնարկներ, որոնց հասցեատերերը իրենք կհասկանան: Այսինքն՝ դրանք լայն շրջանակի հասցեատերերի ուղղված արտահայտություններ չեն: Մի բան կարող եմ ասել, որ քաղաքական իմաստով ինչպես նշեցի, մարտի 1-ը ամենևին միարժեք զարգացում չէր: Թե՛ իր ծավալման իմաստով, և թե՛ բուն տեղի ունեցած ողբերգության և նաև դրա հետևանքով ազդեցության ներքաղաքական պրոցեսների և քաղաքական իրողությունների վրա»,- ասաց նա եւ հավելեց․ «Միարժեք էր դրա ողբերգականությունը մարդկային առումով, միարժեք էր, որ այն խաղ էր, հարված էր պետությանը, բայց քաղաքական բովանդակության, քաղաքական մոտիվների, շարժառիթերի, պատճառների և հետագա ազդեցության տեսանկյունից դա ամենևին միարժեք գնահատականի ենթակա իրադարձություն չէր»: