Քաղաքացիակենտրոն
լրատվություն

2022թ. բյուջեից 851 մլն դրամ՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին. ՀԾԿՀ նախագահ

2022թ. բյուջեից 851 մլն դրամ՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին. ՀԾԿՀ նախագահ
Հայաստան
14:09, 02 ноябрь 2021
Այսօր՝ նոյեմբերի 2-ին, ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվում են բյուջետային քննարկումները: 

«Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022թ. բյուջեն իրենից ներկայացնում է հանձնաժողովի պահպանման ծախսերը, որ կազմում է 851 մլն դրամ: Բյուջեի մոտ 89 տոկոսը նախատեսված է ուղղել աշխատանքի վարձատրությանը, իսկ 11 տոկոսը՝ հանձնաժողովի գործունեության բնականոն ապահովմանը: Բյուջեի 1 տոկոսը՝ մոտ 8.5 մլն դրամ, հանձնաժողովը, ըստ օրենքի, ուղղում է ոլորտում սպառողների շահերը պաշտպանող օրենսդրությանը համապատասխան գրանցված հասարակական կազմակերպություններին»,- նշեց ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը:

Նրա խոսքով՝ հանձնաժողովը 2022 թվականին առաջնորդվելու է իր գործունեության ծրագրով, որն արդեն իսկ ուղարկվել է Ազգային ժողով, իսկ տարեվերջին դրա հիման վրա կհաստատվի նաև աշխատանքային ծրագիրը:

«2022 թվականին հանձնաժողովը կապահովի 9 մլրդ 279.2 մլն դրամի չափով պետական տուրքերի, հարկային եկամուտների մուտքեր բյուջե, որից 851 մլն դրամը կազմելու են կարգավորման պարտադիր վճարները»,- ասաց Գարեգին Բաղրամյանը: