Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուս խաղաղապահները մեկ ամսում ապահովել են մոտ 1000 տարանցիկ մեքենաների և ավելի քան 6800 մարդու անվտանգ մուտքն ու ելքը ԼՂ. ՌԴ ՊՆ

Ռուս խաղաղապահները մեկ ամսում ապահովել են մոտ 1000 տարանցիկ մեքենաների և ավելի քան 6800 մարդու անվտանգ մուտքն ու ելքը ԼՂ. ՌԴ ՊՆ
Հայաստան
13:29, 03 ноябрь 2021
Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները մեկ ամսվա ընթացքում շուրջօրյա ապահովել են Լաչինի միջանցքով շուրջ 1000 միավոր տարանցիկ ավտոմոբիլային տրանսպորտի և ավելի քան 6800 մարդու անվտանգ մուտքն ու ելքը Լեռնային Ղարաբաղ։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:

«Դիտակետի զինծառայողներն իրենց պատասխանատվության գոտում շուրջօրյա հսկում են հրադադարի պահպանման ռեժիմը։ Ռուս խաղաղապահներն ապահովում են տարանցիկ մեքենաների անվտանգ անցումը անցակետերով։ Հնարավոր սադրանքները կանխելու համար բոլոր մեքենաները ենթակա են զննման, իսկ անհրաժեշտության դեպքում՝ ստուգման: Անցած ամիս դիտակետում գրանցվել է շուրջ 1000 միավոր տարանցիկ մեքենաների, ինչպես նաև երկու ուղղություններով ավելի քան 6800 մարդու անցումը»,- ասել է ՌԴ խաղաղապահ զորախմբի մամուլի քարտուղար Դմիտրի Եմելյանովը։

Ընթացիկ իրավիճակը վերահսկելու համար բոլոր դիտակետերը հագեցած են տեսահսկման ժամանակակից փողոցային գմբեթավոր տեսախցիկներով:

Ծառայության ընթացքում խաղաղապահ զորակազմի ռուս զինծառայողները հանդերձված են «Ռատնիկ» կոստյումներով: Դիտակետերը հագեցած են ժամանակակից լուսադիոդային լուսարձակներով և անխափան սնուցման աղբյուրներով:

Ռուսաստանի խաղաղապահ ուժերի 27 դիտակետերը տեղակայված են Լաչինի միջանցքում և Լեռնային Ղարաբաղում սահմանազատման գծի ողջ երկայնքով: Ռուս խաղաղապահներն ապահովում են իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն:

Ռուսաստանի Դաշնության նախագահի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Հայաստանի Հանրապետության վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածությունների համաձայն՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00:00-ից հայտարարվել է Լեռնային Ղարաբաղում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում: Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման և ռազմական գործողությունների վերահսկման համար տեղակայված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: