Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մահվանից խուսափելու միայն ու միայն մեկ տարբերակ կա՝ պատվաստվել. Մենք լոքդաունի չենք գնալու. Վարչապետ

Այսօր՝ նոյեմբերի 4-ին, կառավարության հերթական նիստում հանրապետությունում կորոնավիրուսային իրավիճակը ներկայացնելիս առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեղեկացրեց, որ արդեն իրականացվել է 852 հազար 355 պատվաստում. 29.4 տոկոսը ստացել է առաջին դեղաչափ, 13 տոկոսը՝ երկրորդ դեղաչափ: 

Արձագանքելով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ պատվաստված են համարվում այն քաղաքացիները, ովքեր երկու դեղաչափ ներարկում են ստացել. «Հետևաբար մեր պատվաստված քաղաքացիների թիվը 263 հազար է»:

Նա նշեց, որ որոշումը կայացվել է. «Արդեն բաց տարածքներում ևս դիմակների կրումը պարտադիր է, և ոստիկանությունը հետևում է:

Բայց մենք պետք է մեր քաղաքացիներին շարունակ այդ ուղերձը տանք, որ կորոնավիրուսից մահվան հավանականությունը նվազեցնելու տարբերակը պատվաստումն է, այլ տարբերակ չկա, սիրելի հայրենակիցներ»:

Նա ընդգծեց, որ հիվանդանոցներում այլևս տեղ չկա. «Ամեն օր մարդիկ են մահանում, ամեն օր ահազանգեր են, ամեն օր ողբերգական դեպքերի ենք ականատեսում լինում: Բայց դրանից խուսափելու միայն ու միայն մեկ տարբերակ կա՝ պատվաստվել. «Մենք ունենք պատվաստանյութերի բավականին պաշար, ընտրությունը քաղաքացիներինն է, մենք չենք էլ կարծում, կներեք, որ այդտեղ ընտրություն կա»:

«Մենք լոքդաունների չենք գնալու: Ես ուզում եմ, որ սա հստակ արձանագրենք»,- ընդգծեց վարչապետը և հավելեց, որ գործի են դրվելու նաև վարչական լծակները:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ տեղեկացրեց, որ այս շաբաթ պատվաստումներ են իրականացվելու Լոռիում. «Տատիկ-պապիկներին խնդրում ենք պատվաստվել, որովհետև առաջին ռիսկի խմբում նրանք են»: