Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նախագահը պետք է դիմի ՍԴ` վարչապետի առաջարկը Սահմանադրությանը հակասող ճանաչելու համար. Արա Զոհրաբյան

Նախագահը պետք է դիմի ՍԴ` վարչապետի առաջարկը Սահմանադրությանը հակասող ճանաչելու համար. Արա Զոհրաբյան
Հայաստան / Իրավունք
15:26, 06 март 2021
ՀՀ նախագահը շատ հարցերում է լռում, և մենք թույլ չենք տալու, որ նա անգործություն դրսևորի, սրելու ենք ԳՇ պետի ազատման հարցը, պահանջելու ենք, որ նախագահը դիմի Սահմանադրական դատարան. այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: 

Փաստաբանների պալատի նախագահի ներկայացմամբ Գլխավոր շտաբի պետին ազատելու հարցով կարող է նախագահը մարտի 9-ին դիմել ՍԴ, և իրենք այդ պահանջը դնելու են նախագահի առջև` քաղաքացիական հասարակության օրինական ցասումն են ցույց տալու, որպեսզի բախումներ չլինեն: «Եթե նախագահը տեսել է Սահմանադրական խնդիր` ԳՇ պետին ազատելու հարցում, ապա ինչո՞ւ է խուսափում Սահմանադրական դատարան դիմել: Նա պետք է դիմի ՍԴ` վարչապետի առաջարկը Սահմանադրությանը հակասող ճանաչելու համար»,- նշեց Արա Զոհրաբյանը:

Նա մեկնաբանելով օրենքի կարգը՝ ընդգծեց. «Սահմանադրությունը նախատեսում է նախագահի հրամանագրի ուժի մեջ մտնելու հարաբերությունները. եթե վարչապետը առաջարկությամբ դիմում է նախագահին, նախագահը կարող է եռօրյա ժամկետում առարկություններով առաջարկը վերադարձնել վարչապետին: Վարչապետը Զինվորական ծառայության օրենքի համաձայն՝ ունի հնգօրյա ժամկետ առարկությունները չընդունելու համար: Վարչապետը կարող է հնգօրյա ժամկետում ձայն չհանել և ասել, որ առարկություններն ընդունել է և ասել, որ չեմ ընդունում` ինչը որ տեղի ունեցավ»: 

Արա Զոհրաբյանն անդրադառնալով օրենքին` հավելեց, որ այդ հինգ օրը լրանալուց` երեք օրում նախագահը պետք է դիմի ՍԴ. «Փետրվարի քսանութից հաշվում ենք հինգ օր, որովհետև քսանյոթին նախագահը առարկությամբ առաջարկը վերադարձրել է վարչապետին: Հինգ օրը լրանում է ամսի չորսին: Չորսից հետո երեք օրվա մեջ նախագահը պետք է դիմի ՍԴ, իսկ երրորդ օրը լրանում է մարտի յոթին, և քանի որ յոթը ոչ աշխատանքային օր է, նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի համաձայն՝ վերջին օրը համարվում է ոչ աշխատանքային օրվան հաջորդող օրը, այսինքն՝ երրորդ օրը տեղափոխվում է ամսի 9-ին, քանի որ ամսի 8-ն էլ է ոչ աշխատանքային»: