Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեր ընկալումն այն է, որ Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղին պետք է կառուցվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նիկոլ Փաշինյանը, խոսելով նաև փոխվարչապետերի եռակողմ հանդիպումների մասին, ասաց, որ եռակողմ աշխատանքային խումբն ահռելի աշխատանք է կատարել, և ինքը շատ բարձր է գնահատում կատարված աշխատանքը։

Վարչապետը նշեց, որ սկզբից կատարվել է զուտ տեխնիկակական աշխատանք, օրինակ՝ ինչ ճանապարհներ են գոյություն ունեցել, և ինչ ճանապարհներ կարող են գոյություն ունենալ։ 

Անդրադառնալով նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի բովանդակությանը՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ 9-րդ կետի առաջին նախադասությունն ասում է՝ բացվում են տարածաշրջանի բոլոր տրանսպորտային և տնտեսական կոմունիկացիաները, որից հետո անդրադարձ կա այն մասին, որ ՀՀ-ն երաշխավորում է տրանսպորտային հաղորդակցությունը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և Ադրբեջանի միջև։ 

«Որից հետո խոսք է գնում կողմերի համաձայնությամբ նոր տրանսպոտային կոմունիկացիաների կառուցման վերաբերյալ։ Սա նրա մասին է, որ գոյություն ունեցած տրանսպորտային կոմունիկցիաները պետք է բացվեն և եթե ժամանակի ընթացքում պարզվի, որ բեռնափոխադրումները այնքան ծավալուն են, որ արդեն մենք նոր կոմունիկացիաների մասին պիտի մտածենք, այդ ժամանակ պետք է մտածենք նոր կոմունիկացիաների մասին։ Ընդ որում, շատ կարևոր է արձանագրել, որ մեր ընկալումն այն է, որ այո՛, Ադրբեջանը պիտի Հայաստանի սուվերեն ճանապարհներով Նախիջևանի հետ հաղորդակցվելու հնարավորություն ունենա, և մենք դա չենք ժխտում, ընդունում ենք և մենք պատրաստ ենք։ ՀՀ-ն էլ իր հերթին հաղորդակցություն պիտի ունենա Ադրբեջանի տարածքով ՌԴ-ի և ԻԻՀ-ի հետ։ Երբ որ մենք խոսում ենք՝ Ադրբեջանը հաղորդակցություն կունենա Նախիջևանի հետ, խոսում ենք նրա մասին, որ կունենա հաղորդակցություն նաև Թուրքիայի հետ։ Այստեղ չի կարող խոսքը լինել միայն ներքին հաղորդակցությունների մասին այլ մենք նաև միջազգային հաղորդակցության թեման ենք հետապնդում, որպեսզի մենք կարողանանք այդտեղ գալ հնարավորինս արագ լուծումների»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։ 

Վարչապետի խոսքով՝ աշխատանքային խումբը գրել է, գծագրել է, և ուսումնասիրել է բոլոր հնարավոր երթուղիները՝ Իջևան-Ղազախ հատված, Բերդ-Թովուզ հատված, Անգեղակոթ-Բիչենեկ հատված, Հորադիզ-Երասխ հատված, Հորադիզ-Մեղրի-Օրդուբադ-Երասխ հատված։

«Եվ մեր ընկալումն այն է, որ Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղին պետք է կառուցվի․ ՀՀ-ն իր տարածքում, Ադրբեջանն իր տարածքում։ Աշխատանքային խումբը սեղանին դրել է բոլոր հնարավոր ուղիները»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։