Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կապան և Գորիս համայնքների որևէ գյուղ շրջափակման մեջ չի գտնվում. Սյունիքի փոխմարզպետ

Կապան և Գորիս համայնքների որևէ գյուղ շրջափակման մեջ չի գտնվում. Սյունիքի փոխմարզպետ
Հայաստան
15:59, 11 ноябрь 2021
«Կապան և Գորիս համայնքների որևէ գյուղ շրջափակման մեջ չի գտնվում՝ Խոտ-Որոտան ճանապարհը բաց է, այդտեղով մերոնք գնում-գալիս են հանգիստ: Ճիշտ է, շինարարական աշխատանքները դեռ ընթացքի մեջ են, բայց ամեն ինչ նորմալ է՝ ավտոներն անցնում են»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետի տեղակալ Կարո Ավանեսյանը:

Փոխմարզպետն ընդգծեց, որ Խոտ-Որոտան ճանապարհով կարող են գնալ և՛ Որոտան, և՛ Բարձրավան, և՛ Շուռնուխ բնակավայրեր: 

Նշենք, որ երեկ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը տեղեկացրեց, որ գիշերվանից սկսած՝ Գորիս-Կապան ճանապարհի հատվածում Ադրբեջանը կիրականացնի սահմանային և մաքսային հսկողության գործառույթ, այսինքն՝ մաքսակետեր կտեղադրի: Իսկ այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ԱԽ քարտուղարը հավելեց, որ Ադրբեջանը դեռևս չի տեղեկացրել այդ ճանապարհով անցնող հայ ուղևորների համար սահմանված ընթացակարգերի մասին, և ընդգծեց, որ Կապան-Տաթև այլընտրանքային ճանապարհ է գործում:

ԱԽ քարտուղարի երեկվա հայտարարությունից հետո այսօր ընդդիմությունը բողոքի ցույց էր կազմակերպել կառավարության շենքի մոտ: ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը լրագրողներին հայտնել էր, որ նշված պարագայում Որոտան, Շուռնուխ և Բարձրավան գյուղերը շրջափակման մեջ են հայտնվում: 

Այսօր՝ նոյեմբերի 11-ին, կառավարության հերթական նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Ադրբեջանից ոչ պաշտոնական ծանուցմանը, ըստ որի՝ նոյեմբերի լույս 11-ի կեսգիշերից նրանք պատրաստվում են մաքսային, անձնագրային հսկողություն սահմանել ոչ միայն Իրանի, այլև ՀՀ քաղաքացիների և բեռների նկատմամբ, նշեց. «Շահարկումներից խուսափելու համար պիտի հիշեցնեմ և ձեր ուշադրությունը սևեռեմ այն փաստի վրա, որ ադրբեջանական անցակետը չի գտնվում ՀՀ տարածքում. խոսքը Էյվազլիի հատվածի մասին է»: Մեկնաբանելով այն տեսակետը, թե արդյոք հնարավոր չէ՞ր ՀՀ քաղաքացիների և բեռների նկատմամբ որևէ սահմանային հսկողություն չիրականացնել, նա հավելեց. «Հնարավոր էր, բայց դրա գինը լինելու էր միջանցքային տրամաբանությունը, ինչը անընդունելի է մեզ համար»: