Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կապան-Ճակատեն ճանապարհը բաց է, մեքենաներն անարգել երթևեկում են, սակայն ադրբեջանցիների կողմից ինչ-որ աշխատանքներ են իրականացվում

Կապան-Ճակատեն ճանապարհը բաց է, մեքենաներն անարգել երթևեկում են, սակայն ադրբեջանցիների կողմից ինչ-որ աշխատանքներ են իրականացվում
Հայաստան
02:23, 14 ноябрь 2021
Սյունիքի մարզի Կապան քաղաքից Ճակատեն տանող ճանապարհահատվածին, որտեղ 2020 թվականի պատերազմից հետո հայտնվել էին ադրբեջանցիները, այսօր՝ ցերեկային ժամերից սկսած, բահերով ինչ-որ աշխատանքներ են տարվել վերջիններիս սահմանապահների կողմից։ Երեկոյան արդեն, ադրբեջանցիների քանակն ավելացել է, բայց որևէ շինարարական կամ ռազմական տեխնիկա ճանապարհի մոտ
չկա։ 

Ճանապարհը այս պահի դրությամբ բաց է, մեքենաներն անարգել երթևեկում են, ադրբեջանցիները, ինչպես նախկինում, այժմ ևս որևէ կերպ չեն խոչընդոտում երթևեկությանը, բայց թե կոնկրետ ինչ աշխատանքներ են իրականացվում՝ առայժմ պարզ չէ։ 

Կապան-Ճակատեն ճանապարհին ադրբեջանական սահմանապահները մոտեցել են դեռ 2020-ի դեկտեմբերին՝ նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո։ Այսինքն՝ դիրքային նոր փոփոխություններ չկան։

Նշենք, որ Կապան-Ճակատեն կառուցվելիք այլընտրանքային ճանապարհը կլինի գործող ճանապարհին զուգահեռ, որը կապահովի բնակիչների և՛ անվտանգությունը, և՛ կախման մեջ չի դնի ադրբեջանցիներից։

Նշենք նաև, որ Ճակատենից բացի՝ Կապանից տանող այդ ուղղության վրա ևս 4 գյուղ կա՝ Շիկահողը, Սրաշենը, Ծավը և Ներքին Հանդը։

Այս համայնքները Կապան քաղաքին կապող մեկ այլ բարեկարգ ճանապարհ ևս կա՝ Մեղրի-Շվանիձոր-Ծավ ուղղությամբ, սրանով, սակայն, բնակիչները Ճակատեն հասնելու համար պետք է անցնեն 92 կմ ավելի։ 

Թե ե՞րբ պատրաստ կլինի Կապան-Ճակատեն այլընտրանքային ճանապարհը և դեռ ինչքա՞ն հնարավոր կլինի երթևեկել գործող ճանապարհով՝ հայտնի չէ։

Վովա Հակոբյան