Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այս պահին Ադրբեջանը ակտիվորեն գնդակոծում է ՀԱՊԿ անդամ Հայաստանի սահմանային դիրքերը. Ալեքսեյ Սանդիկովը՝ ռուսախոս հանրությանը

Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստը: 

«Այս պահին ադրբեջանական զորքերը կիրառում են հրետանի և ակտիվորեն գնդակոծում են ՀԱՊԿ անդամ Հայաստանի սահմանային դիրքերը»,- ռուսերենով ելույթ ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը՝ իր խոսքը հղելով ռուսախոս հանրությանը:

Նա հիշեցրեց, որ ՀԱՊԿ-ի հիմնական նպատակը խաղաղության ամրապնդումն է, տարածաշրջանային և միջազգային անվտանգությունը, պաշտպանությունը հավաքականության, տարածքային ամբողջականության, անդամ պետությունների ինքնիշխանության սկզբունքի վրա:

Պատգամավորը նշեց, որ իրենք հրավիրում են Հայաստանի ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի Դաշնության, ՀԱՊԿ անդամ երկրների և միջազգային հանրության ուշադրությունը. «Մենք համոզված ենք, որ այդ գործողությունները ուղղված են ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության դեմ, ինչպես նաև հակասում են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունների դրույթներին»:

Սանդիկովը ընդգծեց Հայաստանի Հանրապետության իշխանությունների և ժողովրդի վճռականությունը իր հայրենիքի ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության պաշտպանության գործում: