Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀԱՊԿ-ի կրավորական պահվածքը անցնում է բոլոր բարեկրթության սահմանները. Մենք կարող ենք ունենալ այլ դաշնակիցներ. Վիգեն Խաչատրյան

Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստը: 

«Ադրբեջանական իշխանությունները հերթական լկտի սադրանքն են իրականացնում Հայաստանի Հանրապետության հանդեպ: Եվ հայ ժողովրդի և մեր համբերության բաժակը կարող է լցվել. ՀԱՊԿ-ի կրավորական պահվածքը անցնում է բոլոր բարեկրթության սահմանները»,- հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը:

Նրա կարծիքով՝ Ռուսաստանը և ՀԱՊԿ-ը պարտավոր են իրենց ստանձնած պարտավորություններն իրագործել. «Սա չի նշանակում, որ մենք մեր ճակատագիրն ու ամբողջ հույսերը կապելու ենք այդ կառույցի հետ: Մարդիկ պետք է հետևությունների հանգեն, մեր ժողովրդի համբերության բաժակը կարող է լցվել»:

Վիգեն Խաչատրյանն ընդգծեց, որ Ադրբեջանը մեզ համար սպառնալիք չէ. «Մենք ուղղակի չենք ուզում նոր զոհեր, նոր վիրավորներ, բայց եթե անհրաժեշտություն լինի, մենք դրան պատրաստ ենք: Եթե մեր դաշնակիցները ի զորու չեն կատարելու իրենց պարտականությունները, մենք կարող ենք ունենալ այլ դաշնակիցներ, և որևէ մեկը չի կարող մեզ խանգարել այդ ընտրությունում: Մենք, որպես օրենսդիրներ, պետք է դիմենք մեր գործընկերներին, որպեսզի իրենք կատարեն իրենց պարտականությունները, այլապես մենք պետք է մտածենք մեր դաշնակիցների մասին»: