Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ակնկալում ենք, որ ՀԱՊԿ-ը հնարավորինս շուտ գործի կդնի ՀՀ-ին աջակցելու մեխանիզմները՝ նախատեսված պայմանագրով. Վահագն Ալեքսանյան

Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստը:
 
«Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ ագրեսիայի տարատեսակ դրսևորումները, ինչպես նաև ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգությունները վերջին շրջանում պարբերական են դարձել»,- հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ իր խոսքն ուղղելով ռուս և միջազգային գործընկերներին:

Նա նշեց, որ Ադրբեջանի կողմից իրականացված սադրանքում այսօր կիրառվել են հրետանային միջոցներ, ինչպես նաև զինտեխնիկա. «Ադրբեջանի նախագահի շուրթերով բազմիցս հնչում է պատերազմական ու ռազմական և ոչ խաղաղությանը միտված հռետորաբանություն, և դա՝ ի տարբերություն Հայաստանի պաշտոնական դիրքորոշման, երբ հստակ նշվում է, որ մեր ճանապարհը, մեր մոտեցումը, մեր տեսլականը խաղաղությունն է»:

Պատգամավորն ընդգծեց, որ արդեն ժամանակն է, որպեսզի մեր միջազգային գործընկերները երկու կողմերին ուղղված լղոզված տեքստերի փոխարեն՝ շատ հասցեական լինեն իրենց խոսույթում. «Հայաստանի Հանրապետությունը և ՀՀ քաղաքացիները ակնկալում են, որ ՀԱՊԿ-ը և դրա անդամ երկրները ևս աներկբա ու միանշանակ և հնարավորինս շուտ, պայմանագրով նախատեսված մեխանիզմներով վերջապես կգործակցեն աջակցության մեխանիզմները ՀՀ-ին»: