Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հնարավոր չէ, որ տրվի չկրակելու հրաման ՀՀ սահմանները պաշտպանելիս. դա կլինի ուղիղ պետական դավաճանություն. Վարչապետը՝ Տիգրան Աբրահամյանին

Այսօր՝ նոյեմբերի 17-ին, Ազգային ժողով- կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հետաքրքրվեց, թե ինչն է եղել պաշտպանության նախարարի փոփոխության պատճառը, մանավանդ էսկալացիայի այս փուլում:

«Նախարարի պաշտոնը հայեցողական պաշտոն է, և սրանով շատ բան ասվում է: Ես չեմ կարծում, թե պաշտպանության նախարարի փոփոխության հարցերը պետք է հրապարակային քննարկվեն: «Հայեցողական» բառը շատ ամբողջական պատկերացում է տալիս, այսինքն՝ նախարարը նշանակվում և ազատվում է, մեր կառուցակարգերի համաձայն, վարչապետի հայեցողությամբ»,- պատասխանեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով նոր նախարարի նշանակման շարժառիթին՝ Նիկոլ Փաշինյանը նշեց. «Փորձը ցույց է տվել և ցույց է տալիս, որ այնուամենայնիվ քաղաքական հաղորդակցությունը և քաղաքական բովանդակության ընդհանրությունը շատ կարևոր են: Եվ ես կարևոր եմ համարում, որ և ԱԳ նախարարի, և պաշտպանության նախարարի կարգավիճակներում մեր քաղաքական թիմի ներկայացուցիչներ են»: 

Վարչապետը նկատեց, որ Տիգրան Աբրահամյանը կիրակի և երեքշաբթի օրերի դրվագները խառնում է իրար և փորձում ստեղծել մեկ դրվագ. «Ի բնե հնարավոր չի էդպիսի բան, որ ՀՀ սահմանների պահպանության վերաբերյալ տրվի չկրակելու կամ սահմանը չպաշտպանելու հրաման: Դա կլինի ուղիղ պետական դավաճանություն»:

Ինչ վերաբերում է գերիներին, վարչապետը համարում է, որ ժամանակն է, որպեսզի գերեվարման յուրաքանչյուր դեպք պատշաճ կերպով հետաքննվի. «ՀՀ զինված ուժերում ծառայություն անցնող յուրաքանչյուր անձ ունի պարտականություններ: Պետք է քննվի՝ ինչ է նշանակում գերի ընկնել, ինչ հանգամանքներում»: