Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դեմարկացիայի և դելիմիտացիայի փաստաթուղթը, որ դրված է սեղանին, ես պատրաստվում եմ ստորագրել․ ՀՀ վարչապետ

«2021 թվականի մայիսի 212-ից սկսած ադրբեջանական ուժերը ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք և դրա արդյունքում փաստացի օկուպացրել 41 քառակուսի կմ տարածք։ Երեկ նույնպես ադրբեջանական զինված ուժերը ագրեսիա են իրականացրել ՀՀ սահմանների նկատմամբ, խնդրում եմ, որպեսզի մեկնաբանեք, թե ինչ իրավիճակ է մեր սահմաններում»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն այսպիսի հարց ուղղեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց, որ 41 քառակուսի կմ տարածքի վերաբերյալ նախ ուզում  է ասել, որ այդ թիվը չի ձևավորվել երեկվա կամ նախորդ օրվա գործողությունների արդյունքում կամ հետևանքով․ երեկվա գործողությունների հետևանքով այս բալանսը որևէ ձևով չի փոխվել։ 

«Այնպես չի, որ այդ 41 քառակուսի կմ-ն ամբողջությամբ և լիարժեք վերահսկվում է Ադրբեջանի Զինված ուժերի կողմից։ Նախկինում առիթ եմ ունեցել ասելու, որ մայիսի 12-ից հետո տեղի ունեցած գործընթացի հետևանքով, ըստ էության, տարբեր հատվածներում Ադրբեջանի ԶՈՒ-երի և մեր ԶՈՒ-երի դիրքերը շախմատաձև դասավորված են, երբեմն մխրճված՝ մեկը մյուսի մեջ, անտրամաբանական ձևերով։ Բայց ուզում եմ նաև ընդգծել, որ մայիսի 12-ից առաջ էլ շուրջ 40 և ավելի քառակուսի կմ ՀՀ տարածք եղել է Ադրբեջանի վերահսկողության ներքո՝ առաջին պատերազմի հետևանքներով կամ արդյունքներով։ Մենք այդ տարածքները գիտենք կոնկրետ տեղերով, կոնկրետ հատվածներով»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։ 

Նա նաև նշեց, որ պետք է ասել, որ առաջին պատերազմի արդյունքներով՝  նաև Սովետական Ադրբեջանի տարածքներ կան, որոնք գտնվել են և գտնվում են Հայաստանի վերահսկողության ներքո։ 

Վարչապետի խոսքով՝ այս հանգամանքների բերումով է, որ շատ կարևորվում է դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը, որովհետև, երբ որ ասվում է կամ Ադրբեջանի կողմից, կա՛մ մեր կողմից, որ Ադրբեջանը մեր տարածքները օկուպացրել է, ինչը ճշմարտություն է, միջազգային հանրության ներկայացուցիչների միջին վիճակագրական ռեակցիան հետևյալն է, որ գիտեք, այդպես է, բայց այնպես չի, որ այդտեղ միանշանակ բալանս կա։

«Ինչքան էլ ծանր քննադատության արժանացա ժամանակին, այն փաստաթուղթը որ դրված է սեղանին, ես պատրաստվում եմ ստորագրել։ Ներքաղաքական աղմուկի պատճառով պրոցեսը խափանվեց։ Դրանից հետո երկու անգամ եղել է առաջարկներ՝ սկսելու և մենք համաձայնել ենք գործընթացը սկելու։ Այդտեղ գաղտնիք չկա»,- անդրադառնալով դեմարկացիա և դելիմիտացիա անելու առաջարկին՝ ասաց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։