Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սյունիքի մարզում չկա բնակավայր, որ ընդհանրապես կտրված լինի, կամ շրջափակման մեջ լինի․վարչապետ

Այսօր` կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանին խնդրեց տեղեկատվություն տրամադրել Սյունիքի մարզի այլընտրանքային ճանապարհների կառուցման վերաբերյալ, որն ըստ էության չպլանավորած աշխատանք է, որն իրենք անում են, և տեղեկացնել, թե արդյոք կա՞ն գյուղեր, որոնք հայտնվել են շրջափակման մեջ, ինչպես պնդում են սոցիալական ցանցերում։

«Փաստացի մենք ունենք յոթ ճանապարհ, որոնց մասին անընդհատ խոսում ենք, ճանապարհներից մեկը՝ Տաթև-Աղվանին է, որը բավականին ժամանակ է ավարտված է, երթևեկելի է, նորմալ է, և նշել ենք այդ մասին, որ նախատեսված է եռաշերտ ասֆալտապատում, հիմա երկու շերտն է տեղադրված, գարնանը, եթե որոշ թերություններ լինեն կշտկենք, երրորդ շերտը կտեղադրվի։ Մյուս վեց հատվածներում հիմա ընթացքի մեջ աշխատանքներ կան։ Այդ վեց հատվածներից մեկը Քաշուն-Բարձրավան ճանապարհն է, որը 9,5 կմ է, ճանապարհի մի մասը՝ մոտ 4 կմ-ն, արդեն ամբողջովին հողային ծածկույթի աշխատանքներն իրականացվել են և մյուս հատվածներում շարունակվում են, որոշ տեղերում՝ բարեկարգման ճանապարհի անցանելիության կարգավորման  և անհրաժեշտության դեպքում նաև խճապատման աշխատանքներ։ Մյուս ճանապարհը Տանձավեր-Շուռնուխ ճանապարհն է, որը 13 կմ է, մի մասն ամբողջովին նոր է կառուցվում և այնտեղ որոշակի դժվարություններ կան, անտառի հատված կա, որտեղ  նույնպես աշխատանքները շարունակվում են»,-ասաց Գնել Սանոսյանը։

Խոսելով Շուռնուխի մասին՝ նախարարն ասաց, որ Շուռնուխն առնվազն երկու ճանապարհ ունի, մեկը՝ Խոտ-Որոտան-Շուռնուխ ճանապարհն է, որը գործում է, մյուսը՝ Շուռնուխ-Բարձրավան կառուցվող ճանապարհը, որն անցանելի է բոլոր տեսակի մեքենաների համար։ Որոտան-Խոտ ճանապարհի 10 կմ-ից 5 կմ-ն ամբողջովին պատրաստ է, ոչ թե ասֆալտապատ է, այլ հիմքը ամբողջովին  երթևեկության համար պատրաստ է, մյուս 5 կմ-ի վրա նորից իրականացվում են  բարեկարգման, խճապատման աշխատանքներ։
«Եվ երկու ճանապարհահատված ունենք՝ Կապան-Ճակատեն և Կապան-Գեղանուշ-Ճակատեն։ Օրեր առաջ սկսվել էր Գեղանուշ-Ճակատեն հատվածի հողային աշխատանքները, երեկվանից սկսել ենք նաև խճապատման աշխատանքները, և երկու-երեք օրվա ընթացքում  աշխատանքներն ավարտելուց հետո ճանապարհն ավելի հեշտ ու անցանելի կլինի»,-ասաց Գնել Սանոսյանը։

Նախարարի խոսքից հետո վարչապետն ասաց, որ իրենց պլանը հետևյալն է, որ այդ բոլոր ուղղություններով Տաթև-Լծեն հատվածը մի քիչ ավելի երկար է, բայց դեպի գյուղեր տանող ուղղություններով, մենք օր առաջ ունենանք գրունտային  վիճակում գտնվող ճանապարհ, որը երթևեկելի կլինի բոլոր տիպի մեքենաների համար և բոլոր եղանակներին։

Նա նշեց, որ իրենց ծրագրով գյուղերի ճանապարհները, և նաև Տաթև-Լծեն ճանապարհը 2022 թվականին ամբողջությամբ ասֆալտապատ վիճակում կլինեն։

«Մենք արձանագրում ենք, որ չկա բնակավայր, որտեղ կենսապահովման խնդիր լինի կամ ընդհանրապես կտրված լինի, կամ շրջափակման մեջ լինի»,-ասաց վարչապետը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։