Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՊՆ-ն նախատեսում է 202 պահեստազորայինի ներգրավել մարտական հերթապահությունում

ՊՆ-ն նախատեսում է 202 պահեստազորայինի ներգրավել մարտական հերթապահությունում
Հայաստան
16:44, 18 ноябрь 2021
Պաշտպանության նախարարությունը ցանկանում է 2021թ․ նոյեմբերի 18-ից դեկտեմբերի 18-ը պահեստազորայինների վարժական հավաքներ անցկացնել։ Կառավարության որոշման նախագիծը պաշտպանական գերատեսչությունը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակել է երեկ՝ նոյեմբերի 17-ին։ Նախագիծը Կառավարության նոյեմբերի 18-ի նիստի օրակարգում ներառված չի եղել։ Ստացվում է՝ Պաշտպանության նախարարությունը վարժական հավաքներ հայտարարելուց ընդամենը մեկ օր առաջ է նախագիծը հրապարակում, որը նույնիսկ Կառավարության կողմից չի էլ ընդունվել։

Պաշտպանության նախարարությունը ցանկանում է վարժական հավաքներին ներգրավել ընդհանուր մինչև 202 քաղաքացու, որոնցից 161-ը` շարքային կազմի, 28-ը` ենթասպայական կազմի, 13-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:

Վարժական հավաքներին մասնակցող պահեստազորայինները անհրաժեշտության դեպքում կներգրավվեն նաև մարտական հերթապահությունում։

«Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման և վերապատրաստման, նրանց հետ կնքված պայմանագրի համաձայն, ըստ անհրաժեշտության, մարտական հերթապահության ներգրավման նպատակով»,- ասվում է ՊՆ-ի նախագծում:

Պաշտպանական գերատեսչության ներկայացրած նախագիծը հրապարակվել է առանց հիմնավորման։

Հիշեցնենք, որ 2021թ․ ընթացքում սա պահեստազորայինների արդեն երրորդ վարժական հավաքն է։ Առաջինը հավաքները հայտարարվել էին օգոստոսի 25-ից նոյեմբերի 25-ը՝ 2169 քաղաքացու ներգրավմամբ, իսկ երկրորդը՝ սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը 869 պահեստազորայինի մասնակցությամբ։

Աղբյուր՝ hetq.am