Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ակնկալվում է, որ դելիմիտացիայի և դեմարկացիայի արդյունքում ՀՀ տարածքային ամբողջականությունը կվերականգնվի. Էդուարդ Աղաջանյան

«Հայաստանը դիմել է Ռուսաստանին՝ ստանալու համար աջակցություն, որպեսզի առաջին հերթին վերականգնվի ՀՀ տարածքային ամբողջականությունը, և հենց այս կոնտեքստում է պետք դիտարկել ՌԴ առաջարկը: Ակնկալվում է, որ դելիմիտացիայի և դեմարկացիայի արդյունքում այդ խնդիրը կլուծվի, և ՀՀ տարածքային ամբողջականությունը կվերականգնվի»,- այսօր՝ նոյեմբերի 19-ին, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը՝ պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի հարցին, որն առնչվում էր Ռուսաստանից ռազմական օգնություն ակնկալելուն:

Էդուարդ Աղաջանյանի խոսքով՝ ինքնանպատակ չէ Ռուսաստանի ռազմական օգնությունը կամ ռազմական միջամտությունը. «Կարևորագույն խնդիրն այս պահին ՀՀ սուվերեն տարածքի անձեռնմխելիության ապահովումն է, և դեմարկացիան ու դելիմիտացիան այն գործիքներից մեկն է, որը կապահովի այդ արդյունքը»:

Իսկ թե ինչու էր Հայաստանը դիմում Ռուսաստանին ռազմական օգնության համար հարցին, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Որովհետև գոյություն ունի Հայաստան-Ռուսաստան ռազմաքաղաքական համաձայնագիր: Երկրորդը՝ Ռուսաստանն է երաշխավորը այն հրադադարի ռեժիմի պահպանման, որի համար մենք բոլորս պետք է մեր ջանքերը մեկտեղենք: Եվ հետևաբար Ռուսաստանն անելիք ունի, և նույնիսկ չդիմելու դեպքում պետք է այդ համագործացությունը իրականություն դառնար: Չնայած վերջին օրերին շահարկումներ են գնում, թե մենք Ռուսաստանին պահանջներ ենք ներկայացնում. մենք պահանջ չենք ներկայացնում, պարզապես ուզում ենք, որ պայմանագրի բոլոր կետերը ճիշտ ժամանակին իրականություն դառնան: Մեր ինքնիշխան տարածքը ոտնձգության է ենթարկվել, որի արդյունքում տեղի են ունեցել ռազմական գործողություններ, և մեր բանակը չի թողել, որ հակառակորդը տարածքային նոր ձեռքբերումներ ունենա»: