Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Փողոցներ փակած 18 քաղաքացիներն ազատ են արձակվել ոստիկանության բաժանմունքից․ նրանք տուգանվել են 50 հազարական դրամով

Փողոցներ փակած 18 քաղաքացիներն ազատ են արձակվել ոստիկանության բաժանմունքից․ նրանք տուգանվել են 50 հազարական դրամով
Հայաստան
16:28, 22 ноябрь 2021
Այսօր առավոտյան Երևանում փողոցներ փակած և ոստիկանություն բերման ենթարկված 18 քաղաքացիներն ազատ են արձակվել։ Այս մասին Civic.am-ին հայտնեցին ոստիկանության հասարակայնության և լրատվության հետ կապերի բաժնից։ 
 
Երևանի կենտրոնում այսօր առավոտյան փողոց փակելով «Սյունիքի միջանցքի» դեմ պայքարող ակցիայի 18 մասնակիցներ բերման էին ենթարկվել։ Նրանց մեջ էր նաև նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, որը մինչ այդ իր ֆեյսբուքյան էջում ազդարարել է Ազատագրման շարժման մեկնարկի մասին։ 

Ակցիայի 18 մասնակից տարվել էր ոստիկանություն՝ ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարք կատարելու համար, այն է՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելը։ Ոստիկանությունից տեղեկացանք, որ վերոնշյալ  հոդվածով է արձանագրություն կազմվել։  Ըստ այդմ, նրանք տուգանվել են  50 հազար դրամով։ 

 Փողոց փակած քաղաքացիների շարքերում են ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, Փաստաբանական դպրոցի տնօրեն Արա Զոհրաբյանը, լրագրող Նաիրի Հոխիկյանը, որն ակցիայի ժամանակ հայտարարել է, որ Երևանի տարբեր փողոցներ արգելափակված են, այդ թվում՝ Արշակունյաց, Տիգրան Մեծ, Բաղրամյան պողոտաները, Հաղթանակի կամուրջը:

 Ակցիայի մասնակիցները հայտարարել են, թե «տալիս են Սյունիքը», և պահանջում են չստորագրել սահմանազատման ու սահմանագծման ծրագիրը և հրապարակային խոսել են, պատմել, թե ինչ փաստաթղթեր են քննարկվում Ադրբեջանի հետ: Բողոքի ակցիա անող քաղաքացիներին մոտեցել են ոստիկանները և պահանջել ազատել փողոցը, վերականգնել երթևեկությունը: Բացասական պատասխան ստանալուց հետո իրավապահները սկսել են բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին: 

 Որոշ ժամանակ անց փողոցները բացվել են։