Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դատարանը մերժեց ՍԴ դիմելու վերաբերյալ Արմեն Չարչյանի պաշտպանի միջնորդությունը

Դատարանը մերժեց ՍԴ դիմելու վերաբերյալ Արմեն Չարչյանի պաշտպանի միջնորդությունը
Հայաստան
15:36, 23 ноябрь 2021
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Սահմանադրական դատարան դիմելու մասին Արմեն Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի միջնորդությունը: 

Արմեն Չարչյանի պաշտպան միջնորդություն էր ներկայացրել Սահմանադրական դատարան դիմելու մասին՝ Արմեն Չարչյանի պատգամավորական անձեռնմխելիության հաղթահարման ընթացակարգերի բացակայության հիմքով: Միջնորդության հիմքում դրվել է այն հանգամանքը, որ Արմեն Չարչյանն ունի պատգամավորական անձեռնմխելիություն, գործող կարգավորումների համաձայն՝ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն ԱԺ համաձայնությամբ, ԱԺ պատգամավորն առանց ԱԺ համաձայնության չի կարող զրկվել ազատությունից, սակայն գործող կարգավորումները չի նախատեսում արդեն իսկ հարուցված քրեական հետապնդման շարունակության համաձայնություն ստանալու կառուցակարգ, ընթացակարգ:

Այսպիսով, դատարանը չի դիմելու Սահմանադրական դատարան:

«Հայաստան» կուսակցությունների ​​​​դաշինքի պատգամավորության թեկնածուների ցուցակում ընդգրկված Արմեն Չարչյանը ձերբակալվել էր «Իզմիրլյան» ԲԿ-ի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու դեպքի առթիվ ՀՀ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով  (ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը):