Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նորաբակում կրակոցների ձայները լսվել են երեկ ժամը 7-ից մինչև գիշերվա 11-ը, դիրքեր կան, որ ընդամենը 2 կմ են հեռու գյուղից. համայնքապետ

Նորաբակում կրակոցների ձայները լսվել են երեկ ժամը 7-ից մինչև գիշերվա 11-ը, դիրքեր կան, որ ընդամենը 2 կմ են հեռու գյուղից.  համայնքապետ
Հայաստան
16:55, 23 ноябрь 2021
«Այսօր ամբողջ օրը կրակոցների ձայն չի լսվել Նորաբակում, իսկ երեկ երեկոյան ժամը մոտ 7-ից մինչև գիշերվա ժամը 11-ը պարզ լսվում էին կրակոցների ձայները»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի բնակիչ, համայնքի օպերատոր Արմեն Ղազարյանն ու հավելեց, որ Նորաբակում, ի տարբերություն Կութի ու Շորժայի, հաճախակի չեն լսվում կրակոցների ձաներ:

Նորաբակ բնակավայրի ղեկավար Վազգեն Ասատրյանն էլ պատմեց, որ երեկ, երբ կրակոցներ էին հնչում, գյուղի բնակիչները տանից դուրս էին եկել՝ տեսնելու, թե որ կողմից են գալիս ձայները. «Դիրքերը տարբեր հեռավորության վրա են գյուղից՝ 2, 4, 5, 7 կմ, և գտնվում են խոտհարքների և արոտավայրերի հատվածում»:

Նորաբակ բնակավայրի ղեկավարի խոսքով՝ վերջին անգամ գյուղում կրակոցների ձայն լսվել է երեք ամիս առաջ: Վազգեն Ասատրյանը հավաստիացրեց, որ մի քանի անգամ հետաքրքրվել է հնարավոր վիրավորների հարցով, սակայն բացի մեկ զոհից, այլ դեպքեր չեն գրանցվել:

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ ՊՆ-ն տեղեկացրեց, որ նոյեմբերի 22-ին, ժամը 18։10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի, մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով զոհվել է Սուրեն Յուրիկի Սաֆարյանը: