Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սյունիքի մարզին այս անգամ հատկացվելու է 400 մլն դրամ. Տաթև-Աղվանի ճանապարհն արդեն լիովին պատրաստ է. Գնել Սանոսյան

Այսօր՝ նոյեմբերի 25-ին, Կառավարության հերթական նիստում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ Բյուջեի վերաբաշխման մասին օրենքի նախագիծը պայմանավորված է Սյունիքի մարզի առաջնային խնդիրները լուծելու հրատապությամբ:
«Առաջարկվում է Սյունիքի մարզում հիմնախնդիրների լուծման նպատակով Սյունիքի մարզի զարգացման և ներդրման հիմնադրամին այս փուլի աշխատանքներն իրականացնելու համար հատկացնել 400 մլն դրամ՝ մարզի համայնքային ենթակայության ենթակառուցվածքներում, ինչպես նաև բնակչության համար սոցիալական և կենսական նշանակություն ունեցող հրատապ հարցերի լուծման համար»,- նշեց Գնել Սանոսյանը:

Նա հիշեցրեց, որ դեռևս ապրիլ ամսին 500 մլն դրամ էր հատկացվել այս նպատակների համար, սեպտեմբերին՝ 200 մլն դրամ, իսկ հիմա էլ՝ 400 մլն դրամ. «Արդեն հատկացվող գումարի չափը դառնում է 1.1 մլրդ դրամ»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ հիմա Սյունիքում կառուցվում է 7 այլընտրանքային ճանապարհ, ինչպես նաև լավարկվում է Տաթև-Աղվանի-Կապան միջպետական ճանապարհը, մասնավորապես Տաթև-Լծեն հատվածում. «Վերին Խոտանան գյուղը շրջանցող ճանապարհ ենք կառուցում, որպեսզի բեռնատարները գյուղով չանցնեն»: 

Գնել Սանոսյանը, արձագանքելով վարչապետի խոսքին, ասաց որ Տաթև-Աղվանի ճանապարհն արդեն լիովին պատրաստ է. «Մնացած 6 ճանապարհների վրա աշխատանքներն ակտիվորեն ընթանում են: Հիմա ևս 3 ճանապարհ ենք դիտարկում Ձեր հանձնարարությամբ»: