Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուս խաղաղապահների կողմից վերահսկվող տարածքներում լուրջ միջադեպեր չեն եղել, զինված բախումներ չեն եղել, այլ եղել են վիճարկելի միջադեպեր․ Ալիևը շնորհակալություն է հայտնել Պուտինին

Ռուս խաղաղապահների կողմից վերահսկվող տարածքներում լուրջ միջադեպեր չեն եղել, զինված բախումներ չեն եղել, այլ եղել են վիճարկելի միջադեպեր․ Ալիևը շնորհակալություն է հայտնել Պուտինին
Հայաստան
18:14, 26 ноябрь 2021
«Այս տարվա ընթացքում մենք պահեցինք շատ ակտիվ երկխոսություն. և՛ հանդիպում էինք, և՛ հեռախոսազրույցներ ենք հաճախ ունենում, մեր երկկողմ հարաբերությունների դինամիկան մեզ շատ ուրախացնում է»,-այսօր Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Այնուհետև նա նշել է, որ իրենք երկկողմ ֆորմատով շատ հարցեր են լուծել, և այսօր երկկողմ հարաբերությունները բնութագրում են որպես ռազմավարական գործընկերների հարաբերություններ, և սա, ըստ Ալիևի, միայն բառակապակցություն չի, այլ դա իրոք այդպես է, և տրամադրված են, որպեսզի ավելի բարձրացնեն իրենց փոխհարաբերությունների մակարդակը՝ բոլոր ուղղություններով։  

Խոսելով հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին՝ Ալիևն ասել է, որ այս տարի ռուս խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող տարածքներում լուրջ միջադեպեր չեն եղել, զինված բախումներ չեն եղել, այլ եղել են վիճարկելի միջադեպեր, որոնք չեն հանդիսանում համակարգված ճգնաժամ։ 

«Եղել են զինված բախումներ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, բայց դա ռուս խաղաղապահների պատասխանատվության տակ գտնվող տարածք չի, սակայն, այդուհանդերձ, դա մեզ ստիպում է այդ ամենին նայել շատ ուշադիր, խոսել, այդ թվում՝ եռակողմ ձևաչափով, որքան հնարավոր է վերահսկել ռիսկերը, նվազագույնի հասցնել դրանք և աշխատել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։  Մենք շատ բարձր ենք գնահատում ձեր անձնական դերը այս հարցում, Ռուսաստանի կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչների դերը և, իհարկե, ռուս խաղաղապահների դերը, որոնք պահպանում են խաղաղությունը Ղարաբաղում։ Եվ հույս ունենք, որ հաջորդ տարի այս աշխատանքը կշարունակվի, և նաև կլինեն լավ արդյունքներ»,- ասել է Ալիևը։