Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կարմիր խաչը դեռևս չի այցելել նոյեմբերի 16-ին ադրբեջանի հարձակման հետևանքով գերեվարված զինծառայողներին

Կարմիր խաչը դեռևս չի այցելել նոյեմբերի 16-ին ադրբեջանի հարձակման հետևանքով գերեվարված զինծառայողներին
Հայաստան
13:29, 29 ноябрь 2021
Նոյեմբերի 16-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով գերեվարված զինծառայողներին Կարմիր խաչի միջազգային կոմիտեից դեռևս չեն այցելել։ Այս մասին Civic.am-ին ասաց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին. «Տեսակցություն չենք ունեցել դեռևս որևէ գերիի հետ, բայց կողմերի հետ երկխոսությունը շարունակվում է։ Մեզ դիմող ընտանիքների հետ նույնպես երկխոսության մեջ ենք, մեզ մոտենում են, մենք շփվում ենք»։

Ինչ վերաբերում է Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով գերեվարվածներին, Զառա Ամատունին հավելեց, որ անկախ նրանց կարգավիճակից՝ Ադրբեջանում դատապարտված են, թե ոչ, տեսակցությունները պարբերաբար շարունակվում են։  

Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին, ժամը 13։00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց այն մասին, որ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ գնդակոծության են ենթարկում հայկական դիրքերը։ 

Նոյեմբերի 23-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով նոյեմբերի 16-ին Ադրբեջանի հերթական ագրեսիային, ասաց, որ այդ օրվա դեպքերով ունենք 6 հաստատված զոհ, ինչպես նաև 24 գումարած 8 գերեվարված, որոնց տվյալները պետք է վերջնական ճշտվեն։