Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տրանսֆերային գնագոյացման ստուգման ընթացքում հարկային մարմինը կարող է հարցեր ուղղել արտերկրի հարկ վճարողներին. Ռուստամ Բադասյանը՝ Հարկային օրենսգրքի փոփոխությունների մասին

Տրանսֆերային գնագոյացման ստուգման ընթացքում հարկային մարմինը կարող է հարցեր ուղղել արտերկրի հարկ վճարողներին. Ռուստամ Բադասյանը՝ Հարկային օրենսգրքի փոփոխությունների մասին
Հայաստան
12:20, 01 декабрь 2021
Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում ներկայացվեց ՀՀ Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը։

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ, նախագծի հիմնական զեկուցող Ռուստամ Բադասյանը, ներկայացնելով նախագիծը, նշեց, որ վերանայվել են տրասնֆերային գնագոյացմանը վերաբերող կանոնակարգումները. «Օրենքը ընդունվել էր դեռևս 2016թ.՝ համապատասխան գլուխը ավելացվել էր Հարկային օրենսգրքում, սակայն դրանից հետո միջազգային շատ կանոնակարգումներ տրասնֆերային գնագոյացման հետ կապված իրենց զարգացումն էին ապրել, և այդ նպատակով, հիմնվելով նաև տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության կողմից մշակված ուղեցույցների և իրենց փորձի վրա, վերանայել ենք կարգավորումները»։  

Ռուստամ Բադասյանն ընդգծեց, որ տրանսֆերային գնագոյացումը պարզված ձեռքի հեռավորության սկզբունքին գործարքի համապատասխանության ապահովումն է և համապատասխան հիմքերի դեպքում՝ դրա ստուգումը. «Այսինքն՝ եթե փոխկապակցված անձանց միջև գործարք է տեղի ունենում, որը չի համապատասխանում շուկայական պայմաններին, այսինքն՝ այն պայմաններին, որոնք կիրառելի կլինեին հավասար, իրար հետ չփոխկապակցված հարկ վճարողների միջև, ապա կիրառվում են հենց այն գործարքի պայմանները, որոնք կիրառելի կլինեին չփոխկապակցված սուբյեկտների դեպքում»։  

Նա հիշատակեց, որ մենք երեք տեսակ հարկատեսակ ունեինք, որի դեպքում տրանսֆերային գնագոյացման կարգավորումները գործում էին՝ շահութահարկը, ռոյալթին և ԱԱՀ-ն. «Հիմնվելով միջազգային փորձի վրա, որը նպատակահարմար չի համարում անուղղակի հարկի դեպքում տրասնֆերային գնագոյացման կարգավորումները, մենք ԱԱՀ-ն դուրս ենք հանել այդ հարկատեսակների ցանկից։ Այսինքն՝ տրասնֆերային գնագոյացման կանոնները վերաբերելի են բացառապես կորպորատիվ հարկին, շահութահարկին և ռոյալթիին»: 

Ռուստամ Բադասյանի խոսքով՝ տրանսֆերային գնագոյացման կարգավորումների կիրառման համար կարևոր բաղադրիչ է փոխկապակցված անձ համարելու չափորոշիչների համակարգը, ինչը ամբողջությամբ վերանայվել է, և միջազգային փորձին համահունչ կարգավորումներ են նախատեսել. «Նաև նկատի ունենալով, որ մի շարք դեպքերում իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող սուբյեկտների հետ կարող ենք գործ ունենալ միջազգային պրակտիկայում, ինչպիսին, օրինակ, Trust-ն է, նաև «անձ» հասկացությունն ենք վերանայել՝ ընդլայնվել է վերահսկվող գործարքների շրջանակը՝ ներառելով փոխառության տրամադրման, ֆինանսական ակտիվի օտարման, դրամական պահանջի իրավունքի տրամադրման, ինչպես նաև ոչ նյութական ակտիվների օգտագործման իրավունքի տրամադրման գործարքները»։  

Նախագծի հաջորդ փոփոխությունը կապված է տրանսֆերային գնագոյացման կարգավորումների կիրառման տեսանկյունից հատկապես կարևոր տեղեկատվության աղբյուրների, ինչպես նաև  հարկային մարմինների կողմից վերջիններիս ձեռք բերման հնարավորությունների հետ։ Բադասյանը հավելեց, որ աշխարհում գործում է տրասնֆերային գնագոյացման փաստաթղթավորման եռաստիճան համակարգ։ 

Ըստ նրա՝ նախագծով բարձրացվում է նաև հարկային համակարգի թափանցիկությունը. «Սահմանվել է տրանսֆերային գնագոյացման կարգավորումների կիրառման շրջանակներում նախնական գնագոյացման պայմանավորվածությունների ձեռք բերման հնարավորությունը, ինչպես նաև նախատեսվել է փոխհամաձայնեցնման ընթացակարգերի կիրառման հնարավորություն ոչ միայն տրանսֆերային գնագոյացման կարգավորումների, այլև ընդհանրապես բոլոր կրկնակի հարկումը բացառող համաձայնագրերի շրջանակը ևս։ 

Տրանսֆերային գնագոյացման կարգավորումների ներդրումն անմիջականորեն պայմանավորված է հարկ վճարողների կողմից հարկային կարգապահության դրսևորման բարձր մակարդակի հետ, ուստի հստակեցվել են այս կամ այն պարտականությունը չկատարելու հետ կապված պատասխանատվության միջոցներ Հարկային օրենսգրքով»։

Նախագծով սահմանված են նաև հարկային հսկողությունների ընթացակարգերը։ Ռուստամ Բադասյանը մատնանշեց, որ տրասնֆերային գնագոյացման ամբողջ պրոցեսը, այդ թվում՝ ստուգումը, ենթադրում է որոշակի փուլեր. «Հարկ վճարողը մինչև հաշվետու տարվա հաջորդող ամսվա 20-ը հարկային մարմին է ներկայացնում իր վերահսկող գործարքների մասին ծանուցումը, որը ենթարկվում է անհատական վերլուծության, իսկ վերլուծության ծավալը կախված է ծանուցման մեջ ներկայացվող գործարքների քանակից, տեսակից, բնույթից և արժեքից։ Որևէ ռիսկի վեր հանման դեպքում հարկային մարմինը դիմում է հարկ վճարողին, որպեսզի վերջինս 30 աշխատանքային օրվա ընթացքում հարկային մարմին ներկայացնի ռիսկային համարված գործարքի վերաբերյալ փաստաթղթավորում։ 30 աշխատանքային օրվա ընթացքում հարկ վճարողը հարկային մարմին է ներկայացնում տրանսֆերային գնագոյացման փաստաթղթավորումը, իսկ անհրաժեշտության դեպքում հարկային մարմինը կարող է նաև հարկ վճարողի հետ կազմակերպել հարցազրույցներ և պահանջել այլ փաստաթղթեր, որից հետո կամ հարկային մարմինը բավարարում է հարկ վճարողի ներկայացրած փաստաթղթերը, կամ հաշվարկում է տվյալ վերահսկվող գործարքի համար պարզված ձեռքի հեռավորության տիրույթը և առաջարկում է հարկ վճարողին կատարել ճշգրտում։ Հարկ վճարողը հարկային մարմնի հետ համաձայն չլինելու դեպքում ներկայացնում է հակառակ փաստարկներ։ Այս փաստարկները հարկային մարմնի կողմից չբավարարվելու դեպքում սկսվում է տրանսֆերային գնագոյացման ստուգում, որի ընթացքում կարող են հարցեր ուղղվել արտերկրում հարկ վճարողներին, ինչպես նաև սկսել դատական գործընթաց»։

Հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանն առաջարկեց նախագծի քննարկումը հետաձգել՝ հաշվի առնելով, որ լրամշակումներով տարբերակը ստացվել է երեկ երեկոյան, և չեն հասցրել ամբողջությամբ ծանոթանալ. «Սա լրջագույն օրենք է, սրան պետք է մոտենալ լրջորեն»։

Ռուստամ Բադասյանն էլ տեղեկացրեց, որ միջազգային պարտավորություններ ունի Հայաստանն այս տրանսֆերային գնագոյացման կարգավորումները կյանքի կոչելու համար։ 

Հանձնաժողովը որոշում կայացրեց հետաձգել նախագծի քննարկումը։