Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ցավոք, մեր երկրում դեռ կան շինարարներ, ովքեր նոր խողովակ ասվածը հասկանում են ներկած խողովակ. Գնել Սանոսյան

Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, կառավարության հերթական նիստում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ներկայացնելով բյուջեի բաշխման վերաբերյալ նախագիծը, նշեց. «Առաջարկվում է 36 համայնքների թվով 40 ծրագրերի համար պահուստային ֆոնդից հատկացնել 885 մլն 178 հազար դրամ»:

Նրա խոսքով՝ նշված ծրագրերից 4-ը հաստատվել է 2020 թվականին, 36-ը՝ 2021-ին. «Ընդհանուր գումարը 1 մլրդ 872 մլն դրամ է, որից 885 մլն-ն է պետության մասնաբաժինը»:

Նախարարը ներկայացրեց բաշխվածությունը՝ ըստ մարզերի. 
  • Արարատի մարզ - 7 ծրագիր՝ 69 մլն դրամ
  • Արմավիրի մարզ - 7 ծրագիր՝ 241 մլն դրամ
  • Գեղարքունիքի մարզ - 6 ծրագիր՝ 256 մլն դրամ
  • Կոտայքի մարզ - 8 ծրագիր՝ 152 մլն դրամ
  • Լոռու մարզ – 9 ծրագիր՝ 147 մլն դրամ
  • Շիրակի մարզ – 3 ծրագիր՝ 18.5 մլն դրամ
«Այս որոշմամբ ակնկալվում է շինարարներին գումարները հատկացնել՝ ոմանք աշխատանքներն ավարտել են, ոմանք ավարտական փուլում են գտնվում»,- ասաց Գնել Սանոսյանը:

Պատասխանելով սուբվենցիոն ծրագրերի որակին առնչվող վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցին՝ նախարարը նշեց, որ, ցավոք, կան դեպքեր, որտեղ հայտնաբերվում են նախագծային, շինարարական թերություններ. «Ունենք դեպքեր, որոնք շտկելի են, և շինարարներին շտկելու համար ժամկետ է տրվում: Այն դեպքերում, երբ նորմերը չեն բավարարվի, շինարարները չեն վճարվի: Ցավոք սրտի, մեր երկրում դեռ կան շինարարներ, ովքեր նոր խողովակ ասվածը հասկանում են ներկած խողովակ: Ունենք դեպքեր, երբ տեսչական մարմինը վարույթ է ընդունել»:

Նախարարը վստահեցրեց, որ վճարումները տեղի են ունենալու միայն այն դեպքում, երբ համոզված լինեն, որ որակը նորմալ է. «Երեք մարմին ստուգում են աշխատանքների որակը»: