Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հանցագործության մասին 2 հաղորդում է ուղարկվել իրավապահներին՝ բռնության և բարեգործությամբ զուգորդված քարոզչության դեպքերով․ «Անկախ դիտորդ»

Հանցագործության մասին 2 հաղորդում է ուղարկվել իրավապահներին՝  բռնության և բարեգործությամբ զուգորդված քարոզչության դեպքերով․ «Անկախ դիտորդ»
Հայաստան
15:26, 06 декабрь 2021
Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, «Անկախ դիտորդ» դաշինքը ներկայացրեց երեկ՝ դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների դիտարկման ամփոփ տեղեկատվությունը։ 

Դեկտեմեբերի 5-ին Հայաստանի 36 խոշորացված համայնքներում համամասնական և 2 համայնքներում մեծամասնական կարգով անցկացվեցին ՏԻՄ ընտըրություններ։ Համայնքապետի ընտրություններ էին Արարատի, Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի, Շիրակի և Կոտայքի մարզերի խոշոր համայնքներում։ «Անկախ դիտորդ» դաշինքից «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը հիշատակեց, որ ՏԻՄ ընտրությունները ներառել են 621 բնակավայր և ձևավորվել էր մոտ 1000 ընտրական տեղամաս։

««Անկախ դիտորդ» դաշինքը հետևեց ընտրությունների ընթացքին թե նախընտրական քարոզչության ընթացքում, թե ընտրության օրը՝ 143 տեղամասերում, 23 տարածքային ընտրական հանձնաժողովներում և 43 շրջիկ խմբերով։ 36 համայնքներում 17 կուսակցություն էր առաջադրվել և 27 դաշինք։ 33-րդ տարածքային ընտրական հանձնաժողովը մերժել էր Արթիկում «Հանրապետություն» կուսակցության գրանցումը։ 32-րդ տարածքային ընտրական հանձնաժողովը մերժել էր Ախուրյանում «Իկիլիկյան» դաշինքի գրանցումը»,-հավելեց Դանիել Իոաննիսյանը։ 

Նա նշեց նաև, որ առաջադրված 27 դաշինքներից 10-ը կոչվել էին դաշինքի առաջին համարի՝ քաղաքապետի թեկնածուի անունով, ինչը իր մեկնաբնմամբ՝ մեծամասնական ընտրակարգի տրամաբանական շարունակությունն է և ընտրակարգի փոփոխման որոշակի մերժումն է այդ ուժերի կողմից։

«Ընտրություններին արձանագրվել է 42 միջադեպ, որոնց հիմքով իրավապահներին է ուղարկվել հանցագործության մասին երկու հաղորդում՝ մեկը բռնության դեպքով, մյուսը բարեգործության և քարոզչության մեկտեղման»,-ասաց նա։