Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իշխանությունն իր որդեգրած քաղաքականությամբ և համայնքներում իրականացվող ծրագրերով գործող համայնքապետերին վերընտրվելու հնարավորություն է տալիս. Ռազմիկ Պետրոսյան

«Այն, որ որոշ համայնքներում գործող իշխանության պաշտպանած թեկնածուները չեն հաղթել, դա վկայությունն է այն բանի, որ մենք, այո՛, ունենք ժողովրդավար ու նորմալ ընտրություններ ու նաև վարչարարական մեթոդներ չենք կիրառել»,- Civic.am-ի հետ զրույցում, խոսելով երեկ տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների մասին, ասաց Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը։ 
Հիշեցնենք, որ երեկ Արագածոտնում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Աշտարակում և Թալինում ստացավ ամենաշատ ձայները, սակայն Ապարանում պարտվեց։ 

Հարցին, թե վերլուծե՞լ են՝ ինչու Ապարանում ՔՊ-ն պարտվեց, Ռազմիկ Պետրոսյանն ասաց, որ վստահ է՝ ամբողջ հանրապետությունում, բոլոր գործող համայնքների ղեկավարների համար ներկա իշխանությունն իր որդեգրած քաղաքականությամբ, համայնքների հանդեպ ունեցած ուշադրությամբ, այն բազում ծրագրերի, որը պետությունն իրականացնում է մեր բոլոր համայնքներում, գործող համայնքապետերին վերընտրվելու հնարավորություն է տալիս, քանի որ ժողովուրդը կարծում է, թե աշխատանքները գործող համայնքապետերի շնորհիվ են իրականացվում, շատերը տեղյակ չեն, որ դրանք պետության կողմից իրականացվող ծրագրեր են, իսկ այդ ծրագրերն իրականում բազմատեսակ են ու շատ։ 
  
«Այն ուշադրությունը, որ պետությունն այսօր ցուցաբերում է համայնքներին, հնարավորություն է տալիս գործող համայնքների ղեկավարներին ավելի հեշտ վերընտրվելու։ Իսկ մեր ժամանակ հակառակն էր՝ ընտրվում էիր, հաջորդ օրը մնում էիր համայնքի պրոբլեմների հետ, և հաջորդ անգամ վերընտրվելու հնարավորությունը դժվար էր լինում։ Այնպես որ, բոլոր ընտրված ղեկավարներին հաջողություն են մաղթում՝ ի շահ մեր հասարակության, ի շահ մեր ժողովրդի, քանի որ մենք այսօր խնդիր ունենք, մենք պետք է  հզորացնենք մեր երկիրը, երկիրը չի կարող հզորանալ առանց համայնքների հզորացման»,- ասաց Ռազմիկ Պետրոսյանը։
 

Լիլիթ Թադևոսյան