Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Օրենքի ո՞ր հոդվածներն է ՀՀ նախագահը համարել «խնդրահարույց» և վիճարկում Սահմանադրական դատարանում

Օրենքի ո՞ր հոդվածներն է ՀՀ նախագահը համարել «խնդրահարույց»  և վիճարկում Սահմանադրական դատարանում
Հայաստան
15:06, 10 март 2021
Այսօր՝ մարտի 10-ին, ՀՀ նախագահի աշխատակազմը մամուլի հաղորդագրություն տարածեց, որ Հանրապետության նախագահը դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով․ «Դիմումի ներկայացումը պայմանավորված է նաև նշված օրենքի իրավակիրառ պրակտիկայում առկա խնդիրներով, որոնք առավել ակնհայտ դարձան Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վարչապետի նախաձեռնության և դրան հաջորդած սահմանադրական իրավական գործընթացների արդյունքում»,- գրված էր հաղորդագրությունում:

ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանից հետաքրքրվեցինք, թե վերոնշյալ օրենքի ո՞ր հոդվածներն է նախագահը համարել խնդրահարույց․ 

 «Նախագահի դիմումը վերաբերում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի` Սահմանադրության 133-րդ հոդվածի 1 –ին մասին, 57–րդ հոդվածի 2–րդ մասին, 79–րդ հոդվածին ու 155–րդ հոդվածի 3–րդ մասին համապատասխանության հարցը որոշելուն»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց ՍԴ մամուլի քարտուղարը։

Ի պատասխան մեր հաջորդ հարցի՝ որքա՞ն ժամանակում պետք է ՍԴ-ն ուսումնասիրի նախագահի դիմումը՝ Եվա Թովմասյանն արձագանքեց․ «Դիմումի նախնական ուսումնասիրության համար նախատեսված է 30-օրյա ժամկետ»։ 

Նշենք, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասը վերաբերում է պայմանագրային զինծառայողին զինվորական պաշտոնից ազատելուն՝ ատեստավորման արդյունքներով զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու կամ կարգապահական տույժի կարգով։ Նախագահի դիմումի բովանդակությունում դրված է այս հոդվածի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը։ Նշենք, որ նախագահը մատնանշել է ՀՀ Սահմանադրության ներքոնշյալ հոդվածները․

ՀՀ Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մաս՝
Հանրապետության նախագահը, վարչապետի առաջարկությամբ, օրենքով սահմանված դեպքերում և կարգով նշանակում և ազատում է զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը:

ՀՀ Սահմանադրության 57-րդ հոդվածի 2-րդ մաս՝
Յուրաքանչյուր աշխատող ունի աշխատանքից անհիմն ազատվելու դեպքում պաշտպանության իրավունք: Աշխատանքից ազատման հիմքերը սահմանվում են օրենքով:

ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդված
Հիմնական իրավունքները և ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը և ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ:

ՀՀ Սահմանադրության 155-րդ հոդվածի 3-րդ մաս՝
Զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձը գլխավոր շտաբի պետն է, որին վարչապետի առաջարկությամբ նշանակում է Հանրապետության նախագահը՝ օրենքով սահմանված ժամկետով: Ոչ պատերազմական ժամանակ գլխավոր շտաբի պետը ենթակա է պաշտպանության նախարարին:

Նարա Մարտիրոսյան