Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ես համաձայն չեմ. Այ հենց հիմա մարդիկ բահերը վերցրել, գնում են. Ձեր հայտարարությունից հետո ՀՀ-ի կեսը կդառնա ապօրինի շինարարություն. Վարչապետը՝ նախարարին

«Հիմա մենք մինչև ո՞ր ամսաթիվն ենք կառուցված ինքնակամ շինություններին օրինականացման հնարավորություն տալու՝ մինչև 2021 թվականի՞  հունվարի 1-ը, թե՞  մինչև 2022 թվականի հունվարի 1-ը»,- այսօր՝ դեկտեմբերի 9-ին, կառավարության հերթական նիստում արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանից հետաքրքրվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ի պատասխան Կարեն Անդրեասյանն ասաց, որ հնարավորություն է տրվելու այն ապօրինի շինություններին, որոնք կատարվել են մինչև օրենքի ուժի մեջ մտնելը, իսկ օրենքն ուժի մեջ կմտնի այն ընդունելուց հետո 10-օրյա ժամկետում:

Վարչապետը, սակայն, հակադարձեց. «Բայց կներեք, այս հայտարարությունն արեցինք, այ հենց հիմա որոշ մարդիկ բահերը վերցրել են, գնում են: Ես համաձայն չեմ այդ մոտեցման հետ: Ամեն անգամ մենք ուզում ենք փակել, հետո էլի ճանապարհ ենք բացում: Մոռացե՞լ եք. մի գիշերվա մեջ Աջափնյակի կեսը խանութ էին սարքել, հետո ինչքան ջանք պահանջվեց մեզանից, ուժային միջամտություն եղավ: Չէ, այդպես չի լինի: Մենք պետք է ինչ-որ հետին թիվ ֆիքսենք, որ մարդկանց մոտիվացիա չտանք: Ձեր հայտարարությունից հետո մի քիչ էլ լոբբինգ կանեն, կդիմեն ՍԴ, մի 3 ամիս էլ էնտեղ կգնա, օրենքի ընդունումը կհտաձգեն, և Հայաստանի կեսը կլինի ապօրինի շինարարություն: Դա սխալ մոտեցում է»: