Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախի սահմանի որոշ հատվածներում ՀՀ-ի և Արցախի դրոշները հանվել են. Արցախի Անվտանգության խորհուրդն ու ՊՆ-ն դիրքորոշում չեն հայտնել

Արցախի սահմանի որոշ հատվածներում ՀՀ-ի և Արցախի դրոշները հանվել են. Արցախի Անվտանգության խորհուրդն ու ՊՆ-ն դիրքորոշում չեն հայտնել
Հայաստան
18:03, 10 декабрь 2021
Մամուլում շրջանառվում են տեղեկություններ, որ Արցախում հայ-ադրբեջանական շփման գծում հայկական դիրքերից հանվել են Հայաստանի և Արցախի դրոշները։ 

Civic.am-ը փորձեց կապ հաստատել Արցախի ԱԺ մի շարք պատգամավորների հետ՝ ճշտելու հրապարակումների հավաստիությունը։ Արցախի ԱԺ նախագահի տեղակալ, «Միասնական հայրենիք» կուսակցության անդամ Գագիկ Բաղունցը պատասխանելով մեր հարցին՝ արդյոք հայկական դիրքերից հանվե՞լ են Հայաստանի ու Արցախի դրոշները, պատասխանեց՝ մասամբ այո։ Թե ինչ պատճառաբանությամբ են հանվել՝ մեզ չհաջողվեց ճշտել Գագիկ Բաղունցից։ 

Արցախի ԱԺ ՀՅԴ անդամ Վահրամ Բալայանն էլ տեղեկացրեց, որ դեռևս մեկ շաբաթ առաջ կային նման խոսակցություններ, որ հայկական դիրքերից հանվել են Հայաստանի և Արցախի դրոշները, բայց նաև կային հերքող խոսակցություններ այդ թեմայով: «Ես գտնում եմ, որ մեր սահմանային հատվածներում պարտադիր պետք է լինեն հայկական դրոշները՝ պետական սիմվոլները դրվում են համապատասխան տեղերում»,- նշեց պատգամավորը։ 

Նշենք, որ «Փաստինֆո»-ի հետ զրույցում Արցախի ԱԺ պատգամավոր, «Արդարություն» կուսակցության անդամ Մետաքսե Հակոբյանն ասել էր, որ մարտական դիրքերից դրոշները հանելը պետք չէ ցավոտ ընդունել, քանի որ եթե այդկերպ գոնե չնչին չափով ապահովում ենք մեր զինվորների անվտանգությունը, ապա պետք է դա անել։ Պատգամավորը նշել էր նաև, որ մարտական դիրքերում դրոշների առկայությունը լարվածություն է առաջացնում, և պետք է հարցին մոտենալ այլ տեսանկյունից։

Մեզ չհաջողվեց կապ հաստատել Արցախի նախագահի մամուլի խոսնակի, ԱԽ քարտուղարի գրասենյակի, ինչպես նաև Արցախի ՊՆ խոսնակի հետ՝ պարզաբանում ստանալու համար: Մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին։