Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«3+3» ձևաչափում բովանդակային ցանկացած հարց մեզ համար չի կարող որևէ պարագայում շահեկան լինել․ Արման Բաբաջանյան. Տեսանյութ

Այսօր Մոսկվայում կայանալու է Թուրքիայի նախաձեռնած տարածաշրջանային համագործակցության նոր ձևաչափի՝ «3+3» հարթակի առաջին հանդիպումը։

Վրաստանը հայտարարել է, որ չի մասնակցի այդ նիստին։ Մասնակից երկրները նիստին  ներկայանալու են փոխարտգործնախարարների մակարդակով։

Այս առնչությամբ Civic.am-ը զրուցել է «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանի հետ։ 
«Շատ հեռահար նպատակներ հետապնդող ձևաչափ է, և պետք է այն կոչել «3+3», քանի որ, եթե Թուրքիային հաջողվում է ամեն գնով կենսագործել այդ ձևաչափը՝ հաշվի առնելով Վրաստանում Թուրքիայի և Ադրբեջանի ազդեցության ծավալներն ու չափերը և ներգործության լծակները, ես կասկած չունեմ, որ եթե ոչ՝ այսօր, ապա վաղը Վրաստանը, այսպես ասած, բերման կենթարկվի այդ ձևաչափ»,- ասաց Արման Բաբաջանյանը։ 

Այնուհետև նա նշեց, որ հույս ունեին, թե Սոչիում իրապես հնարավոր է եղել այնպիսի հարցերի շուրջ պայմանավորվել, որոնք Ռուսաստանը միանձնյա փորձում է առաջ մղել՝ հիմնված 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի համաձայնությունների վրա, և դրան պիտի արդեն ավելանար Սոչին։ 

«Եվ մենք հույս ունեինք, որ ճանապարհների ապաշրջափակման և էսկալացիայի նվազեցման, ինչպես նաև միջանցքի հարցն ընդհանրապես դուրս թողնելու այս հիմնարար հարցերն այլևս լուծված են։ Այդ պարագայում «3+3»-ին ուղղակի բան չէր մնալու անել։ Որովհետև, ըստ էության, Ռուսաստանն էլ համաձայն էր ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ, որ Ղարաբաղյան կարգավիճակը պիտի վերապահվի այս մարմնին, և ՄԽ-ն պետք է գործարկի իր աշխատանքները՝ ուշադրությունը կենտրոնացնելով հումանիտար հարցերի վրա՝ ապագային թողնելով կարգավիճակի հարցը։ Մինչդեռ նախօրեին մենք լսեցինք, որ փակ հանդիպման ժամանակ, ըստ էության, Սերգեյ Լավրովը հայտարարում է, որ ՄԽ-ն բացառապես պիտի կենտրոնանա հումանիտար հարցերի վրա»,- ասաց Արման Բաբաջանյանը։ 
Ի հավելումն՝ նա նշեց, որ նախօրեին նաև ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի ղեկավարը հայտարարեց, որ խաղաղապահների գլխավոր գործառույթը գերիների վերադարձն է։

Արման Բաբաջանյանի խոսքով՝ Արցախի կարգավիճակի վերաբերյալ որևէ հարց դրված չէ ՄԽ համանախագահության սեղանին, և սա երկրորդ մտահոգող հարցն է, որ Ղարաբաղի հարցը կարող է քննարկման առարկա դառնալ «3+3» ձևաչափում՝ մեզ համար չափազանց վտանգավոր միջավայրում, որտեղ մենք լրիվ մենակ ենք։  

«Որովհետև տարածաշրջանի բոլոր մասնակից երկրները (այդ «3+3»-ի մասնակիցների մասին է խոսքը) ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Եվ Հայաստանին չի հաջողվելու փորձել նույնիսկ Ղարաբաղի հարցի կարգավորման կամ վերջնական կարգավիճակի հարցի լուծման բեռը թողնել ՄԽ համանախագահությանը, որովհետև այդ խմբում կարծես առաջնային մանդատ ունեցող Ռուսաստանը ևս համարում է, որ 44-օրյա պատերազմից հետո հարցը կարգավորված է, այն իմաստով, որ ՌԴ նախագահի շուրթերից հնչել է արտահայտություն, որը կարծես թե կանխորոշում է նաև Ռուսաստանի քաղաքականությունը Ղարաբաղի վերաբերյալ»,- ասաց Արման Բաբաջանյանը։    

Նա նշեց, որ «3+3» ձևաչափում բովանդակային իմաստով քննարկվող ցանկացած հարց մեզ համար չի կարող որևէ պարագայում շահեկան լինել, չի կարող ծառայել մեզ ազգային շահերին, մեր պետականության շահերին։
        
Լիլիթ Թադևոսյան

Մանրամասները՝ տեսանյութում։